Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4 տոկոսով. փոխվարչապետը ներկայացրեց կատարողականը

Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4 տոկոսով. փոխվարչապետը 
ներկայացրեց կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի կատարումը 2019-ին համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին. հարկային եկամուտները, ծախսերը աճել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով կատարողականի զեկույցը:

Փոխվարչապետը նախ հիշեցրեց, որ 2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով և գրանցվեց բարձր՝ 7.6 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նկատմամբ արագանալով 2.4 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմեց 2.9 տոկոս: ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը կազմեցին համապատասխանաբար 1.4  և 1.6 տոկոս:

«2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի պետական բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը  ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,-ասաց Գրիգորյանը: 

2019-ին սեպտեմբերին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերություն: «Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551.8 բազիսային կետ, այսինքն՝  5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետայնության պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ, այսինքն՝ 2.4 տոկոսային կետ: Ըստ էության՝ ռիսկի մարժան կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,-նշեց փոխվարչապետը:

2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրլն դրամ եկամուտ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 մլրդ դրամով:  Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը: Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոս կամ շուրջ 182 մլրդ դրամով: 

2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3 տոկոսով: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 1 տոկոս՝ կանխատեսված 2.2 տոկոսի և 2018-ի 1.8 տոկոսի դիմաց: 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրլն դրամ, այսինքն՝ 6.8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը, իսկ 234 մլրդ դրամ՝ շուրջ 489 միլիոն դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 3.6 տոկոս կազմել է Կենտրոնական բանկի պարտքը:

Աննա Գրրգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ