Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին

Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար 
խորհրդատվություն են տալիս գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես վերապրոֆիլավորել բիզնեսը, նվազեցնել ծախսերը, ադապտացվել առկա պայմաններին. կորոնավիրուսի պարտադրած իրավիճակում այս և մի շարք այլ արդիական հարցերի մասին գործարարները կարող են լավագույն մասնագետներից անհատական անվճար խորհրդատվություն ստանալ՝ Բիզնեսն ընդդեմ COVID19-ի քոուչինգ նախաձեռնության շրջանակում:

«Արմենպրես»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ նախաձեռնության մասին խոսել է պատասխանատուների հետ:

Բիզնեսն ընդդեմ COVID 19­-ի համատեղ նախաձեռնության շրջանակում գործարարների համար արդեն իսկ կազմակերպվել էր վեբինարների շարք: «Չնայած այդ վեբինարներում էլ կար անհատական մոտեցում տնտեսավարողների հարցերի հանդեպ, բայց ժամանակի սղության պատճառով, նաև այն պատճառով, որ ներկա էին այլ տնտեսավարողներ, շատ հարցեր երբեմն չէին բարձրաձայնվում: Արդյունքում որոշվեց, որ պետք է հնարավորություն ստեղծել ձեռնարկություններին՝ խորհրդատուների հետ ունենալ անհատական հանդիպումներ: Եվ այսպես, մեկնարկեց Բիզնեսն ընդդեմ COVID19-ի  քոուչինգային շարքը»,- մանրամասնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Մոտ 110 տարբեր թեմաներով պատրաստվել են 1054 տոմսակներ՝ խորհրդատվական հանդիպումների հնարավորություններ: Յուրաքանչյուր տնտեսավարող կարող է անվճար ձեռք բերել 2 տոմսակ: Փոխնախարարը նկատեց, որ ստեղծված իրավիճակում կազմակերպությունները հիմնականում ֆինանսական կառավարման հետ կապված են խնդիրներ ունենում: «Ֆինանսերի հոսքի տեսանկյունից յուրաքանչյուր բիզնեսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, այն շրջանառությունը, որ բիզնեսներն ունեին մինչև կորոնավիրուսը, չկա, հետևաբար, ամբողջ ծախսային համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի: Որտեղի՞ց սկսել, ո՞ր ծախսերն է հնարավոր կրճատել, որ գոնե բիզնեսի գոյությանը վտանգ չսպառնա, ի՞նչ տրամաբանությամբ է դա պետք անել. այս տիպի բոլոր հարցերին պատասխանում են խորհրդատուները, օգնում են միասին մշակել որոշակի պլան՝ ֆինանսական առողջացման համար»,-ասաց Մարգարյանն ու հորդորեց ակտիվ օգտվել:

Խորհրդատուները նաև կողմնորոշում են, թե ինչպես օգտվել կամ պե՞տք է, արդյոք, օգտվել պետական աջակցությունից, օրինակ, եթե վարկառու միջոցներ են, հնարավոր լինելո՞ւ է դրանք վերադարձնել ապագայում և այլն:

Մարգարյանը վստահեցրեց՝ ներառվել են Հայաստանի լավագույն խորհրդատվական ընկերությունները, չկա գրեթե մի կազմակերպություն, որ չի մասնակել: Բոլորը մասնակցում են կամավորական սկզբունքով, պատրաստակամություն են հայտնել կանգնել բիզնեսի կողքին: Ցանկացած գործարար կարող է օգտվել այդ անհատական խորհրդատվությունից, պետք է ընդամենը մուտք գործել Eventbrite կայք, ընտրել տոմսակը, գրանցվել, նշել կազմակերպության անունը, ՀՎՀ-ն՝ որպես հավաստիք, որ կա այդպիսի կազմակերպություն: Դրանից հետո գործարարը ստանում է խորհրդատուի կոնտակտները, հնարավորություն ձեռք բերում խորհրդատուի հետ կապվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում և ստանալ անվճար խորհրդատվություն:

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի խոսքով՝ թեմաները տարբեր են՝ սկսած ֆինանսական կառավարումից մինչև ընդհանուր ճգնաժամային կառավարում կամ վերապրոֆիլավորում, երբ կազմակերպությունը մտածում է, որ, իրավիճակից ելնելով, պետք է փոխի իր պրոֆիլավորումը և այլ գործունեությամբ զբաղվի: Կան նաև նեղ մասնագիտական թեմաներ՝մարքետինգային գործիքների կիրառում և այլն: «Մարքետինգային թեմաներն ամենաարագը սպառվեցին: Ձեռք են բերել 200-ից մի քիչ ավելի տոմսակներ: Բայց կային տոմսակներ, որոնք հնարավոր էր ձեռք բերել միայն մայիս ամսին: Այս պահին մոտավորապես կեսն առկա է»,-ասաց Պողոսյանն ու նկատեց՝ անհատական խորհրդատվությունից օգտվում է փոքր ու միջին բիզնեսը, քանի որ խոշոր բիզնեսներն իրենք ունեն իրենց մասնագետները:

Շինարարական կազմակերպության ղեկավար Աշոտ Աբրահամյանը մեկն է նրանցից, ովքեր օգտվել են անհատական խորհրդատվությունից, ստացել հարկային ոլորտի հետ կապված խորհրդատվություն: «Դժվարությունները միայն դադարի հետ են կապված եղել, երբ մի շրջան դադար եղավ: Եվ հարկայինի հետ կապված խորհրդատվություն ստացել ենք ՝ հարկային բեռը թեթևացնելու համար: Ոչ մի աշխատատեղ չենք կրճատում, բայց դրան զուգահեռ ուզում ենք ավելի ճիշտ կազմակերպել, որ մեղմ լինի հարկային բեռը»,-ասաց նա ու նշեց՝ կազմակերպությունը նոր կայացող է, ռեսուրսները շատ չեն, իրենք ուզում են այնպես անել, որ պահպանվի, չփակվի:

Էկոնոմիկայի նախարարությունը նույն նախաձեռնության շրջանակում Գործարարության աջակցման գրասենյակի հետ համատեղ մշակել է նաև «Բիզնեսի շարունակականության պլանավորում՝ կորոնավիրուսի պայմաններում և հետևանքով» ուղեցույցը: Դա հնարավորություն է տալիս տնտեսավարողին գնահատում անել, հասկանալ առաջնահերթությունը՝ որտեղի՞ց սկսել փոփոխությունները, ո՞րն է պետք թողնել, ո՞րը՝ փակել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]