Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի ստեղծած գեներատորների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի ստեղծած գեներատորների 
նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան իր գիտական ներուժով փորձում է օգտակար լինել Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործին: Լաբորատորիայի մասնագետներն այս ընթացքում պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ այդ ամենից հետո մեծ քանակությամբ արձագանքներ են ստացել: Շատերը հայտնել են, որ ցանկանում են ձեռք բերել հայ մասնագետների պատրաստած գեներատորները: Նա օզոնային գեներատորի գաղափարը հիշել է մի սփյուռքահայ բժշկի հետ խոսակցությունից, նրա հետ քննարկել են հարցը, բարեփոխել դիզայնն ու սկսել պատրաստման գործընթացը:

«Սարքեցինք, Առողջապահության նախարարությունից կանչեցինք, եկան տեսան, հավանության արժանացավ գաղափարը, և մենք մեր կողմից 20 հատ նվիրեցինք նախարարությանը: Հետո սկսվեց արձագանքների հոսքը տարբեր տեղերից, ինչն անսպասելի էր: Միջազգային շուկայում Չինաստանի արտադրության ավելի էժան տարբերակներ կան, սակայն ոգևորիչ էր այն, որ զանգահարում էին և ասում, որ հենց հայկական արտադրության են ցանկանում»,-ասաց Անի Ապրահամյանը: Նա նկատեց, որ սկզբում իրենք չեն մտածել արտադրության մասին: Իրենց մտքին այն է եղել, թե ինչով այդ պահին օգտակար լինեն պետությանը, բայց արձագանքն այնքան մեծ է եղել, որ հիմա մտածում են արտադրանքի ուղղությամբ:

«Պահանջարկը կա, սակայն մենք դեռ պատրաստ չենք արտադրության, այժմ ուսումնասիրում ենք ենթակառուցվածքները: Հիմա քննարկումների փուլում ենք»,- հավելեց Անի Ապրահամյանը:

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան աշխատանք է տանում նաև ուլտրամանուշակագույն լամպեր ախտահանման գործընթացում կիրառելու համար: Այժմ թեստավորման փուլում են: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ