Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրու թատրոնի հանդիսատեսը չեղարկված ներկայացումների ոչ մի տոմս ետ չվերադարձրեց

Գյումրու թատրոնի հանդիսատեսը չեղարկված ներկայացումների ոչ մի տոմս ետ 
չվերադարձրեց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված ստեղծագործական դադարից հետո Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կփորձի վերականգնել կապը հանդիսատեսի հետ՝ բեմադրելով ներկայացումներ, որոնցում զբաղված կլինի երեք-չորս դերասան:

Սա արվում է՝ ելնելով անվտանգության կանոններից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ այս տարի վերջին անգամ բեմ են բարձրացել մարտի 12-ին:

«Հունվարին և փետրվարին հազվադեպ ենք հանդես եկել բեմում, քանի որ թատրոնում ընթանում էին «Հարսանիք թիկունուքում»  ֆիլմի նկարահանումները, ուստի բոլոր բեմադրությունները տեղափոխել էինք մարտ, ապրիլ, մայիս ամիսներ. ամեն ամիս պետք է 19 ներկայացում խաղայինք, բայց չհասցրինք»,- պատմեց Հարությունյանը և ուրախությամբ նշեց, որ թատերասերների սերը թատրոնի հանդեպ այնքան մեծ է, որ մարդիկ գնված տոմսերը չեն վերադարձրել: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարությամբ հանդիսատեսին առաջարկվել է վերադարձնել տոմսերը, բայց ոչ ոք դա չի արել:

Հարությունյանը տեղեկացրեց, որ համավարակի տարածման սկզբնական շրջանում թատրոնի աշխատակազմն առհասարակ թատրոն չի գնացել, բայց առցանց հարթակում երեք ներկայացում են ցուցադրել, իսկ այժմ բեմադրական,  նախապատրաստական աշխատանքներ են  իրականացնում:

«Մինչ այս իրավիճակը նախատեսել էինք «Սեր և խարդավանք» ներկայացման առաջնախաղը. ներկայացումը պետք է բեմադրեր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Փորձերը մեկնարկել էին, բայց հիմա դադարեցվել են, քանի որ այն ծավալուն ներկայացում է, որում բազմաթիվ դերասաններ են զբաղված: Թատրոնն  այժմ երկու նոր աշխատանք է սկսել, որոնցում ընդգրկված է երեքից չորս դերասան: Փորձերն անցկացնում ենք ճեմասրահում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Դերասանների համար անսովոր է ներկայանալ դիմակներով, բայց ստացվում է»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Բացելով փակագծերը՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ խոսքը «Բոցավառ խավար» և «Ճամպրուկը» ներկայացումների մասին է:

Խոսելով թատրոնի հետագա աշխատանքի մասին՝ նա ասաց, որ  քննարկվել է 600­տեղանոց դահլիճում 100 հանդիսատեսի համար խաղալ, բայց վարակի տարածման պատճառով առաջարկը չի ընդունվել, իսկ բացօթյա հարթակում, օրինակ՝ թատրոնի դիմաց դժվար կլինի կազմակերպել ներկայացումների իրականացումը: Հնարավոր է՝ դրսում մանկական բեմադրությունները խաղան:

«Թատրոնը կենդանի արվեստ է, բայց եթե վարակը չնահանջի, մեր մանկական ներկայացումներն առցանց տիրույթում կցուցադրենք: Թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչներն անընդհատ մտածում են նոր բան ստեղծելու մասին, անում են հնարավորը կանգ չառնելու համար: Այս իրավիճակը հնարավորություն է տալիս նոր գաղափարներ փնտրել ու գտնել: Ամեն դեպքում, ինձ համար այս պահին առաջնային է թատրոնի կոլեկտիվի առողջությունը: Այն դերասանները, որոնք թիրախային խմբում են, պետք է առայժմ աշխատանքի չգան: Այս ծանր փուլը կփորձենք հաղթահարել երիտասարդ կազմով»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]