Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք հասանելի են 24 ժամ

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք 
հասանելի են 24 ժամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից  խափանվել  էին, վերականգնվել են և հասանելի են 24 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Նախորդ ասուլիսին կարևոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի  ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց  կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ: Դա մեզ հնարավորություն էր տալիս եզրակացնելու, որ հնարավորությունը փոքր է, որ այդ սերվերները հնարավոր չլինի գործարկել»,- ասաց նա:

Սարիբեկյանը հիշեցրեց, որ հավաստիացրել են՝ երկու, երեք շաբաթ հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, և շտեմարանները նորից կգործեն:

Այժմ իրազեկում են, որ ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Երկուշաբթի և երեքշաբթի դրանց թեստային փորձարկումներն են արել: Շտեմարաններն այդ օրերին հասանելի էին մինչև երեկոյան 18:00-ը, իսկ այժմ հասանելի են 24 ժամ:

Սարիբեկյանի խոսքով՝ հենց սկզբից չեն բացառել, որ խափանման պատճառը կարող է նախապես ծրագրված լինել: Դեպքի առթիվ դեռ փորձաքննություն է իրականացվում  և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:

«Մեզ մոտ ծառայողական քննություն է անցնում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում: Ես իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կհանձնեմ»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, սերվերները մանրակրկիտ մաքրվել են: «Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց մեր գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում: Նրանք այս օրերին մանրակրկիտ մաքրել են սերվերները, թեստավորել են և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին: Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Սերվերային սարքավորումների հոսանքի անխափան սնուցման սարքը բավականին լավ վիճակում է: Սերվեները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են»,-եզրափակեց Հրաչյա Սարիբեկյանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չէին կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ  գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ անհամեմատ բարեհաջող է ավարտվել:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]