Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

ԱՀ նախագահը պարետատան հետ հանդիպմանը քննարկել է սահմանին  թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը

ԱՀ նախագահը պարետատան հետ հանդիպմանը քննարկել է սահմանին  թեստավորման 
լաբորատորիա ունենալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանին արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց ուղիղ եթերով իր ելույթում։

«Հունիսի 2-ին առաջին անգամ հանդիպել եմ պարետատան և ընդհանուր պատասխանատուների հետ, ինչպես նաև փորձել ենք պատկերացնել մեր առաջիկա անելիքները։ Այս ընթացքում Արցախի պարետատունն ու առողջապահության համակարգի պատասխանատուները ճիշտ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելով կարողացել են հնարավորինս կանխարգելել վարակի տարածումը։ Մենք երեկ քննարկել ենք սահմանին արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը, ինչից հետո կթույլատրվի մեր երկիր ժամանած անձանց մուտքը։ Չնայած, այսօր խնդիրն այն է, որ մասնագետներն ասում են, թե դրա արդյունավետությունն այնքան էլ մեծ չէ»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ արցախյան իրավիճակը պայմանավորված է ՀՀ-ում տիրող իրավիճակով, քանի որ ՀՀ-ից ամեն օր մեր հանրապետություն է ժամանում ավելի քան 500 քաղաքացի։ ԱՀ նախագահն ասաց՝ այդպիսով հավանականությունը մեծանում է, որ այդ քաղաքացիների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր վարակի պոտենցիալ տարածողներ լինեն։

«Հայաստանի հետ սահմանները մենք չենք կարող փակել, քանի որ մատակարարումից և այլ անհրաժեշտություններից ելնելով մարդիկ պետք է տեղաշարժ ունենան։ Մենք կփորձենք սահմանին առկա մուտք ու ելքերի պահանջներն ավելի խստացնել։ Իհարկե, սահմանին թույլ են տրվել սխալներ, ինչի արդյունքում վարակվել են հենց հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցները, ինչը նշանակում է, որ այդ տարածքներում բավարար պայմաններ չեն ապահովվել։ Այս ամենից ելնելով՝ Արցախում հակահամաճարակային  միջոցառումներն ավելի խստացնելու համար հանձնարարականներ են տրվել հասարակական սննդի կազմակերպողներին, փոքր և միջին ձեռնակություններին, խանութներին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը շեշտեց, որ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում ամենակարևորը՝  քաղաքացիական պարտքի զգացումից է կախված լինելու վարակի տարածման հարցը։

Մինչ այսօր Արցախում ծանր դեպքեր, ինչպես նաև մահացության դեպքեր չեն եղել։

Արցախում հունիսի 3-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 դեպք, որոնցից 26-ը՝ բուժված: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 984 մարդ, կա 98 մեկուսացված անձ։

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ մայիսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ