Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ինչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ խնդիրը մեր ազգային անվտանգության մասին է. Փաշինյան

Ինչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ խնդիրը մեր ազգային 
անվտանգության մասին է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի հետ կապված խնդիր է տեսնում, սակայն մեղավորներ չի փնտրում. եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ արեց պահել պարետի կողմից սահմանված կանոնները: 

Վարչապետը նախ նկատեց, որ իր քայլը, որով «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադում էր լուսանկարներ, տեսանյութեր, որում մարդիկ խախտում էին կանոնները, ամենատարբեր մեկնաբանությունների է արժանացել՝ ընդհուպ նրան, թե Փաշինյանը մեղավորներ է փնտրում ստեղծված իրավիճակի համար: «Իհարկե, ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել: Ես ինքս էլ վարակվել եմ և իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով, հետևաբար ու՞մ վրա պետք է գցեմ այդ մեղքը: Խնդիրը ամենևին մեղքի մասին չէ, այլ խնդիրը մեր իրավիճակը, մեր պրոբլեմը ճանաչելու մասին է: Իսկ մեր պրոբլեմը շատ վաղուց գիտենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց հերթ կանգնելու խնդիրը, հիշեցրեց, որ դրան անգամ անդրադարձել է 6 ամիս առաջ կառավարության նիստում: «Ինչ մեղավորների փնտրտուքի մասին կարող է խոսք լինել, երբ խնդիրը մեր ազգային անվտանգության մասին է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է, ամեն դեպքում 5 տոկոս հավանականություն կա, որ նույնիսկ այդ կանոնների պահպանման դեպքում կարելի է վարակվել: Սակայն ուրիշ բան է 5 տոկոսի հնարավորությունը, ուրիշ բան է 95 տոկոսի հնարավորությունը: Մոնիտորինգը ցույց է տվել, որ ամենամեծ խնդիրը բանկային համակարգն է և Հայփոստը: Վարչապետն այս մասին խոսակցություն է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարական է տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: 

«Մեր պլան «Ա»-ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք: Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել: Այս ամենը կառավարության համար չէ: Եվ մենք կարգի, օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքի հետ կապված գլոբալ պրոբլեմ ունենք, այստեղ մեղավորի և անմեղի հարց չէ, պետք է ճանաչել ի վերջո, առերեսվել այս իրավիճակի հետ: Սա փաստ է: Էական չէ՝ մեղավոր եմ ե՞ս, մեղավոր է ուրշ մե՞կը»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝  դա 2 տարվա անգամ 2 տասնամյակի պրոբլեմ չէ:

Վարչապետը հիշեցրեց, որ յուրաքանչուրի անհատական վարքագծի մասին խոսել է 2016-ին, երբ դեռ ընդդիմադիր գործիչ էր: Նա նշեց՝ յուրքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ինքն ուզում է օգնի, որ նպաստի՞ համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնի, որ ավելի տարածվի: «Հայաստանում լիքը մարդ կա, որ ընդհակառակը նպաստում է ամեն ինչով: Դա բոլորիս սխալն է, ինձնից սկսած»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նաև ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ: Անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետ հավաքույթին արված լուսանկարին, որը բուռն քննարկման առիթ էր դարձել՝ վարչապետը հիշեցրեց, որ դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: «Մենք հիմա խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք ոչ թե ճաշակի մասին, այլ խոսում ենք կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիներն են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պարզվել է, որ հունիսի 1-ին քաղաքապետարաններ են եղել, որ երեխաների համար միջոցառումներ են կազմակերպել: «Սա առողջապահական խնդիր չէ, առողջապահությունը ինչ կարողանում, անում է, մի բան էլ՝ ավել: Սա կարգ ու կանոնի խնդիր է: Ես որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծ ու ջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգ ու կանոն պահպանեն: Ես ո՞նց անեմ այդպիսի բան, ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել, երբ մենք միասին խոսել ենք, պայմանավորվել ենք ու արել ենք»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, որովհետև կառավարությունն ու ժողովուրդը մի մարմին են, մի օրգանիզմ, մի ամբողջություն:

«Վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր դեմ օգտագործել, մեր ազգային ու պետական շահերի դեմ օգտագործել: Ես ուրիշ ձև չգիտեմ, քան այս հաղորդակցությունը: Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ, որ այս ուղերձը տեղ հասնելու է»,-ասաց վարչապետը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]