Կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձինք չկան
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձինք չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
«Կորոնավիրուսի վարակման դեպք ազատությունից զրկված անձանց շրջանակներում չի գրանցվել: Մինչ այս պահը վարակակիր դատապարտյալ կամ կալանավորված անձ չենք ունեցել»,- ասաց Գալյանը:
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում