Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ասֆալտապատ ճանապարհ ունենալը երազանք է. սահմանամերձ Մովսեսի գլխավոր ենթակառուցվածքը բարեկարգվում է

Ասֆալտապատ ճանապարհ ունենալը երազանք է. սահմանամերձ Մովսեսի գլխավոր 
ենթակառուցվածքը բարեկարգվում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում համայնքի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման ակտիվ աշխատանքներն են ընթանում: Համայնքի գլխավոր ենթակառուցվածքը՝ գլխավոր ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Պապյանը նշեց, որ ասֆալտապատ ճանապարհ ունենալը երազանք է եղել: 

«Շաբաթներ առաջ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Դրանից առաջ հողային աշխատանքներն էին ընթանում: Ասֆալտապատվող հատվածի երկարությունը 6 կմ 200 մետր է: Այն սկսվում է մանկապարտեզի մոտից և գյուղի միջով գնում է մինչև Նորաշեն համայնք: Այսինքն երկու համայնքները կապող ճանապարհն է: Առաջին անգամ է, որ այս ճանապարհն ասֆալտապատվում է, դե պատկերացրեք մարդկանց ոգևորությունը, արդեն գրեթե կեսը ասֆալտապատվել է»,-ասաց Արտակ Պապյանը՝ ընդգծելով, այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի: 

Ասել, որ անբարեկարգ ճանապարհը դժվարություններ է առաջացնում բնակիչների համար, նշանակում է ոչինչ չասել: Հողը, փոշին, ցեխը, դժվար երթևեկությունը, ավտոմեքենաների  վնասվելը, դարձել են առօրիայի մի մաս: Համայնքի ղեկավարի խոսքով, անբարեկարգ ճանապարհով պայմանավորված շատ-շատ են դժվարությունները: 

«Մենք, իհարկե, շտկումներ անում էինք, բայց ճանապարհները չէին դիմանում: Շատ առաքիչներ հրաժարվում էին գալ մեր համայնք: Շտապ օգնության, հրշեջ ծառայության մեքենաները դժվարություններ էին ունենում: Պատկերացնում եք, այժմ այդ ամենը քիչ-քիչ անցյալում է մնում: Օգոստոսին վերջնական ճանապարհը պատրաստ կլինի: Ակտիվ աշխատանքներն ընթանում են, շատ շնորհակալ ենք ճանապարհաշինարարական ընկերության աշխատողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ճանապարհի որակի հետ կապված որևէ խնդիր չկա: 

Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն օրերս իր ավտոմեքենայով որոշեց անձամբ ստուգել ասֆալտի որակը, և, ինչպես ինքն է, ասում վայելել այդ հատվածով երթևեկությունը:

 

«Մեր տարածաշրջանում ունենք շինարարական կազմակերպություն, որը իր աշխատանքների բարձր որակով միշտ աչքի է ընկել ու փայլել է: Եթե ընկերությունը ստանձնում է աշխատանքը, ուրեմն որակի վրա պետք է չկասկածել: Ես 2008 թվականի դեկտեմբերին եմ նշանակվել որպես Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ, ծագումով Չինարի գյուղից եմ: Ամեն մի անկյունը, մի ճանապարհը շատ կարևոր է ինձ համար: Երբ նշանակվեցի, այդ ժամանակ դեռ չունեինք կառուցված եկեղեցի: Միակ լույսը Մովսեսում կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Ահա մի քանի տարի ես լիարժեք Մովսեսում եմ ծառայել և ամեն օր այդ ճանապարհով եմ անցել ու շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ ասել է դժվարություններ, խնդիրներ անբարեկարգ ճանապարհի հետևանքով»,-ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը: Նրա խոսքով, բնակիչների երազանքն է եղել, որ այդ ճանապարհը բարեկարգ տեսնեն: Տեր Արամ քահանա Միրզոյանը նկատեց, որ այստեղ մի հոգեբանական պահ կա: 

«Եթե այն ժամանակ մեր մյուս գյուղերի ճանապարհներն անբարեկարգ էին, ապա Մովսեսի ճանապարհի չասֆալտապատված լինելը խիստ չէր զգացվում: Ի վերջո, մեր պետությունը կարողացավ Բերդի տարածաշրջանում մի շարք ճանապարհներ ասֆալտապատել, և ահա, այդ ընդհանուր բարեկարգվող ճանապարհների ֆոնին Մովսեսի ճանապարհի անբարեկարգ լինելն ավելի էր ընդգծվում: Հուրախություն մեզ, բավական երկար աշխատանքից հետո պետական մարմինների, բարեգործների, ռուսաստանաբնակ մոսվսեսիցների համագործակցության արդյունքում ծրագիրը կյանքի կոչվեց: Տարիներ հետո ի վերջո ասֆալտը եկավ սամանմերձ համայնք»,-ասաց նա:

Նոր ճանապարհի հետ նոր հույսեր են ի հայտ գալիս: Պաշտպանական տեսանկյունից անվտնագության այս կարևոր ճանապարհը լուրջ ենթակառուցվածք է, այն կարող է նպաստել տուրիզմի, կանոնավոր այցերի, համայնք ելումուտի ակտիվացմանը: 

«Բնակիչները շատ ոգևորված են, հիացմունքով են արձագանքում: Մեծ տպավորություն թողեց, երբ երիտասարդ ընտանիքը փոքրիկի հետ մանկասալյակով դուրս էին եկել ասֆալտապատ ճանապարհով զբոսնելու: Մոսկվայաբնակ մեր հայրենակիցների արձագանքը նույնպես ոգևորիչ է, նրանք իրենց վաստակած գումարից ներդրում են անում սեփական գյուղի ճանապարհը ասֆալտապատելու գործում: Ի դեպ, ոմանք մտադիր են, երբ համավարակով պայմանավորված փակ սահմանները բացվեն, իրենց ավտոմեքենաներով այցելելու են գյուղ»,-հավելեց Տեր Արամ քահանա Միրզոյանն՝ ընդգծելով, որ պետույթան համար շատ կարևոր է, որ մենք ամուր գյուղեր ունենանք սահմանային հատվածում, իսկ բնակիչներն արժանի են, որ բարելավված պայմաններում ապրեն: 

Բացի այդ ճանապարհից, գյուղի այլ հատվածներում ևս ասֆալտապատում է նախատեսված: համայնքի ղեկավար Արտակ Պապյանը նշեց, որ մեկ շաբաթից պատրաստ կլինի դեպի գերեզմաններ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների նախագիծը: Նախատեսում են գյուղի երկրորդական ճանապարհների լուսավորության ու ջրի հարցը լուծել: Համավարակով պայմանավորված աշխատանքներում զգուշավորություն կա: Համայնքում վեց հոգի վարակվել է կորոնավիրուսով: Այժմ նրանք ինքնամեկուսացած են, տանն են, առողջական վիճակը գնահատովում է բավարար: Արտակ Պապյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են, գործի մեջ են, սակայն զգուշավորություն կա:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]