Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Կառավարության հետ երկխոսության արդյունքում հնարավոր է զբոսաշրջության ոլորտը «փրկել» էական վնասներից

Կառավարության հետ երկխոսության արդյունքում հնարավոր է զբոսաշրջության ոլորտը «փրկել» էական վնասներից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների համար այսօր ամենամեծ խնդիրը եկամուտներից զրկված լինելն է։ Ոլորտի գործունեությունը կանգ է առել, բոլորը զրկվել են եկամուտներից, մինչդեռ հարկային պարտավորություններ ունեն։ Այս խնդրի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության ոլորտի գործարարները կառավարությունից սպասում են առաջին եռամսյակի շահութահարկի կանխավճարների չեղարկում կամ վերադարձ։ Քանի որ դժվար թե ոլորտի տնտեսավարողներն այս տարի շահույթ ստանան, ուստի նման պայմաններում շահութահարկի կանխավճար վճարելը հավելյալ ու չհիմնավորված բեռ կլինի նրանց համար։ Բացի այդ, ըստ նրանց, այստեղ աշխատատեղերը պահպանելուն կարող է նպաստել այն, եթե ոլորտը մեկ տարով ազատվի եկամտահարկից։ Հիմա տնտեսավարողները, նրանք, ովքեր պահպանում են աշխատատեղերը, շահույթի բացակայության պայմաններում ստիպված են վճարել աշխատավարձ՝ գումարած եկամտահարկ։

Հնչեցված խնդիրներին ի պատասխան Մ. Ապրեսյանն ասում է, որ այսօր ավելի կարեւոր է մասնավոր տնտեսավարողին օգնել ֆինանսական միջոցներով, քան ազատել հարկերից. «Տնտեսության մեջ գումար շրջանառելը, կարծում եմ, ավելի լավ լուծում է, քան հարկերից ազատելը։ Շահութահարկի կանխավճարի մասով էլ կարելի է հարցին այլ կերպ նայել։ Եթե շահութահարկի կանխավճար ենք վճարում, բայց տեսնում ենք, որ տարվա ընթացքում այդքան շահույթ չենք ունենալու, ուստի կարելի է փոխհատուցման այլ եղանակ առաջարկել։ Պետությունն աջակցության ծրագրերի շրջանակներում նաեւ միանվագ աջակցության միջոցառումներ ունի, այդ թվում նաեւ՝ աշխատատեղերը պահպանելու»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար պետությանը առաջարկում է ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ տեւական ժամանակահատված ամեն ամիս փաստացի աշխատող աշխատողների ամեն երրորդի աշխատավարձը սուբսիդավորել. «Ողջունելի է այն փաստը, որ կառավարության հետ կա երկխոսություն։ Մեր առաջարկներից արդեն երկուսը, թեկուզ՝ մասամբ, ընդունվել են, ինչն էական առաջընթաց է, եւ այսօր մեր բոլոր ներկայացրած առաջարկությունների մասով քննարկում կա։ Մեծ հույս ունենք, որ պետք է ընդունվեն»։ Պետական մարմինների հետ քննարկվում են երեք խումբ միջոցառումներ։ Առաջինը վերաբերում է ոլորտի պահպանման իրավիճակային խնդիրներին, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման մեխանիզմներին, երկրորդը զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներն են, երրորդ խումբը համակարգային լուծումն է, որը մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանը, Մ. Ապրեսյանի խոսքով, նույնպես խիստ հրատապ էր եւ շատ կարեւոր. «Մենք ունենք մեր մրցակցային միջավայրը փլուզումից փրկելու, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր ապահովելու, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու խնդիր եւ դրան ուղղված միջոցառումներ»։

Հարցին՝ ի՞նչ կորուստներ կունենա այս տարի տուրիզմի ոլորտը՝ համավարակի հետեւանքներով պայմանավորված, մասնագետը պատասխանեց. «Անցած տարվա համեմատ, համարելով, որ այս՝ երկրորդ եռամսյակը արդեն կորցրել ենք, որովհետեւ չեղարկումները մինչեւ հունիսը ներառյալ ամբողջությամբ կան, եւ այցելություններ մինչեւ հունիս չեն լինելու, պատկերը մոտավորապես պարզ է դառնում։ Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, առաջին եռամսյակին ունեցել ենք շուրջ 311 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։ Անցած տարի առաջին կիսամյակում եղել է 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։ Շուրջ 460 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն տեղի չի ունեցել։ Գումարած ներքին եւ արտագնա զբոսաշրջության վնասները՝ մի կլորիկ գումարի մասին է խոսքը»։

Ի դեպ, հարեւան Վրաստանն արդեն բանակցություններ է վարում երկու ուղղությամբ եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու շուրջ։ «Այո, Վրաստանն արդեն հայտարարել է հուլիսի 1—ից սահմանները բացելու մասին, եվրոպական շատ երկրներ նույնպես հայտարարել են այդ մասին։ Արդեն ավիափոխադրողներն սկսել են խոսել եւ չվերթները վերսկսելու մասին հայտարարություններ անել։ Շատ կարեւոր է, որ մեզ մոտ նույնպես այս հարցը քննարկվի։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք ժամանակին սահմանները բացելուն եւ չվերթները վերականգնելուն»,–ասաց Մ. Ապրեսյանը։ Նա նաեւ նշեց, որ զբոսաշրջային ընկերություններն արդեն սկսել են հարցումներ ստանալ իրենց օտարերկրյա գործընկերներից՝ հայտնելով, որ վրացական կողմն արդեն սահմանները բացել է, եւ պատրաստվում են զբոսաշրջային խմբեր ուղարկել Հայաստան—Վրաստան միասնական տուր—փաթեթներով։ «Շատ կարեւոր է, որ մենք դրան պատրաստվենք, օր առաջ պատասխանն իմանանք, կարողանանք պատասխանել օտարերկրյա գործընկերներին։ Լավ կլինի, եթե մեզ մոտ ժամանակին տեղի ունենա միջազգային զբոսաշրջության վերականգնումը»,–հավելեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

[email protected]





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ