Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Ծխողներն հակված են COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդությունների. Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Ծխողներն հակված են COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդությունների. Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օրվա շրջանակում ԱՀԿ-ն հանդես է եկել «Ծխախոտի օգտագործումը և COVID-19-ը»  խորագրով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ամեն տարի ծխախոտն աշխարհում սպանում է ավելի քան 8 միլիոն մարդու։ Այս դեպքերից 7 միլիոնի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, իսկ 1,2 միլիոնինը՝ երկրորդային ծխի ազդեցությունը։

ԱՀԿ-ի հանրային առողջապահության ոլորտի հրավիրյալ փորձագետների կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ։ 

   COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է թոքերի վրա։ Իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ։ Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է ոչ միայն շնչառական վարակիչ հիվանդությունների, այլև ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ սրտանոթային, շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և այլն:

   ԱՀԿ-ն մշտապես գնահատում է նոր հետազոտությունների արդյունքները, որոնցում ուսումնասիրվում է կապը ծխախոտի, նիկոտինի օգտագործման և COVID-19-ի միջև և կոչ է անում զերծ մնալ չապացուցված հայտարարություններ անելուց այն մասին, որ ծխախոտը և նիկոտինը կարող են նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը։ Առայժմ բավարար տվյալներ չկան, ինչը կհաստատի որևէ կապ ծխախոտի, նիկոտինի և COVID-19-ի կանխարգելման և բուժման միջև։

Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել ծխելը թողնելու համար՝ օգտագործելով ստուգված մեթոդներ, ինչպիսիք են՝ ծխելը թողնելու անվճար միջոցները, տեքստային հաղորդագրությունների բջջային հավելվածները և նիկոտինային փոխարինող թերապիաները»։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ