Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում

Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման 
շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն Գլխավոր քարտուղար,

Մեծարգո պետությունների ղեկավարներ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք.

Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն:

Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով:

Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները:

Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում:

Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:

Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են:

Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով:

Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով:

Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ:

Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով:

Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են:

Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին:

Եղեք առողջ և ապահով:

Շնորհակալություն»: 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ