Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց սեպտեմբերի 1-ից դպրոցներոմ դասերը սկսելու հնարավորությունը

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց սեպտեմբերի 1-ից դպրոցներոմ դասերը սկսելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է կրել դիմակներ, հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի սեպտեմբերի 1-ից վերաբացել դպրոցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց  «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները մեր բնակչության շատ մեծ մասն են կազմում, և, ըստ էության, ամենամեծ համայնքն են։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք կկարողանանք սեպտեմբեր ամսին լիարժեք սկսել դասերը՝ պարետի ցուցումներին խստագույնս հետևելով»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով ավարտական խնջույքներին, որոնք որոշ դպրոցներում, չնայած հորդորներին, կազմակերպվել էին, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այդ միջոցառումները վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։

Դիմելով աշակերտներին՝ Հարությունյանը նշեց, որ ներդասարանային միջոցառումներով իրենք հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։

«Պահելով անվտանգության կանոնները՝ մենք գրեթե զրոյի ենք հավասարեցնում վարակվելու հավանականությունը, և հնարավորություն ենք ունենում սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու։ Մենք մեծ ցանկություն ունենք դասընթացները սկսել, քանի որ որքան էլ մենք հաջողենք հեռավար կրթության ոլորտում, միևնույնն է այն ունի բացասական կողմեր»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ 2020-2021 ուսումնական տարում գուցե որոշակի իրավիճակներում փորձեն ապահովել տարրական դասարանների, առնվազն առաջին դասարանցիների ուսումը։

«Առաջին դասարանցիները պետք է գնան դպրոց, ծանոթանան այդ միջավայրին, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի հեռավար ուսուցման անցնելու, այդ աշակերտները կարողանան դասերը սովորել, ընկալել ուսուցչի ասածները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում մարտի սկզբից փակ էին բոլոր ուսումնական հաստատությունները։ Դասերն իրականացվում էին հեռավար ձևաչափով։

 

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ