Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Օրրան»-ը, չնայած կորոնավիրուսին, շարունակում է օգնել երեխաներին ու տարեցներին.կառույցը 20 տարեկան է

«Օրրան»-ը, չնայած կորոնավիրուսին, շարունակում է օգնել երեխաներին ու 
տարեցներին.կառույցը 20 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարկ դասասենյակներ, դատարկ միջանցքներ ու բակ․ միայն մի քանի աշխատակից կար։ Արդեն 20-ամյա «Օրրան» բարեգործական ՀԿ-ում երբեք չէր եղել նմանատիպ իրավիճակ, երբ ինչ-որ անկյունից չլսվեր երեխաների ձայնը, դասապրոցեսը կանգ առած լիներ։ Նմանատիպ իրավիճակի պատճառը նոր տիպի կորոնավիրուսն է, որի տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ դրություն է հաստատվել։ Չնայած այս ամենին, «Օրրան»-ում, միևնույնն է, զգացվում էր այն ջերմությունը, որն այդ պատերի ներսում տրվում է կառույցի շահառուներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես 20 տարի առաջ որոշեցին օգնել երեխաներին և տարեցներին, այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը, խոսեց արտակարգ դրության օրերին աշխատանքի կազմակերպման, առաջիկա անելիքների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Մեզ համար դժվար էր մուրացկանություն անող հայ երեխաների տեսնելը

«Մենք Հայաստան ենք տեղափոխվել 1992 թվականին, այդ ժամանակ երկրում շատ բարդ ժամանակներ էին, փողոցներով քայլելիս հանդիպում էինք մուրացկան երեխաների, մեծահասակների։ Մեզ համար շատ մեծ ցավ էր տեսնել փողոցում մուրացկանություն անող, սոված ու անպաշտպան հայ մանուկի։ Հենց այդ ժամանակ որոշեցինք, որ պետք է օգնենք նրանց։ Արդեն 1996-1998 թվականներն էին, և մենք չէինք էլ մտածում, որ ուղղակի օգնություն տրամադրելով՝ գուցե ստեղծվի կազմակերպություն։ Մեր ընկերներն ու բարեկամներն այդ ժամանակ տեսնելով մեր աշխատանքն ու ցանկությունը՝ օգնել այդ երեխաներին, սկսեցին շատ մեծ աջակցություն տրամադրել»,- նշեց Հովհաննիսյանը։

Այդ ժամանակ իրենց սկսել էին գումար և ուտելիք ուղարկել, և այդպիսով «Օրրան»-ն ընդլայնվում էր։ Այսօր արդեն, այդ դարձել է լուրջ կազմակերպություն։

Բացի Երևանից, «Օրրան»-ի մասնաճյուղ կա նաև Վանաձորում։ Ընդհանուր առմամբ, 300 երեխա և մոտ 100 տարեց այս կառույցի շահառուներն են։

Ի սկզբանե Արմինե Հովհաննիսյանն ու իր թիմն օգնել են 16 երեխայի, քանի որ «Օրրան»-ը նախատեսված էր հենց նրանց համար։ Հետագայում, որոշում էր կայացվել օգնել նաև մեծահասակներին, քանի որ առավոտյան երեխաները դպրոցում էին լինում։

«Օրրան» կարող են հաճախել սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու 63 տարեկան և ավելի տարեցները։

«Օրրան»-ն աշխատում է անկախ քաղաքական քամիներից և կորոնավիրուսից

Արմինե Հովհաննիսյանն այս 20 տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ կարողացել են ավելի քան 15 հազար երեխայի և մեծահասկի օգնության ձեռք մեկնել այն պահին, երբ նրանց շատ պետք է եղել։

«Մենք ապահովել ենք նրանց սննդով, հագուստով, սոցիալական և հոգեբանական ծառայություններ ենք մատուցել, երեխաներին կրթություն ենք տվել, ինչպես նաև օգնել ենք դասապատրաստման հարցերում։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխաներն ու տարեցներն իմացել են, որ «Օրրան»-ը կա և իրենց կողքին է»,- ասաց ՀԿ-ի հիմնադիրը։

Հովհաննիսյանն իրենց հաջողության գրավականը համարեց այն, որ կարողացել ենք ստեղծել օրինակելի կազմակերպություն, որն աշխատում է անկախ քաղաքական քամիներից, այսօր արդեն նաև՝ անկախ կորոնավիրուսից։ Նրա խոսքով՝ 20 տարի իրենց ուսերի վրա են վերցրել մի առաքելություն, որը կատարում են սիրով ու համբերատարությամբ։

«Մենք մշտապես աշխատել ենք առանց որևէ շահ ունենալու։ Ես 20 տարի կամավորության հիմունքներով աշխատել եմ այստեղ և բավականություն եմ ստացել ամեն ինչից»,- ընդգծեց Արմինե Հովհաննիսյանը։

Ստեղծվել է տարեցների երգչախումբ

«Օրրան»-ում երեխաների համար գործում են տարբեր խմբակներ՝ մաքրամեի, կավագործության, փայտագործության, իսկ տարեցների համար տարիներ առաջ ստեղծվել է երգչախումբ, որի համար նրանք շատ ուրախ են։

«Երեխաները շատ մեծ սիրով են հաճախում այդ խմբակներ և իրենց պատրաստած իրերը դնում ենք վաճառքի, որի եկամտի 20 տոկոսը տրվում է երեխաներին, իսկ մյուս մասը փոխանցվում է իրենց դասարանի ֆոնդին՝ անհրաժեշտ նյութեր, պարագաներ գնելու համար։ Այսպիսով, երեխաները նաև սովորում են սեփական կարողություններով գումար վաստակել»,- ասաց «Օրրան»-ի հիմնադիրը։

Արտակարգ դրության օրերին «Օրրան»-ն աշխատում է մի քանի ուղղությամբ

Հովհաննիսյանը վստահ է, որ հենց այսօր է, որ տարեցներն ու երեխաներն ամենաշատն իրենց կարիքն ունեն։ Անգամ արտակարգ դրության օրերին «Օրրան»-ը չի դադարում աշխատել և օգնություն տրամադրել իր շահառուներին։

«Մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ մեր շահառու երեխաների ընտանիքներին, տարեցներին տրամադրում ենք ուտելիքի ամսական պաշար, ուսուցիչներն ամեն օր կապի մեջ են երեխաների հետ և օգնում են կատարել դպրոցի հանձնարարությունները, ինչպես նաև մատուցվում են հոգեբանական, սոցիալական ծառայություններ»,- նշեց Արմինե Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ շատերի համար այս ծանր ժամանակաշրջանում, իրենք օգնել են նաև այնպիսի ընտանիքների, որոնք չեն կարողացել տան վարձը տալ։

Հունիսի 1-ին, պահպանելով սոցիալական հեռավորությունը, կազմակերպվելու է փոքրիկ միջոցառում երեխաների համար

«Մենք ամեն տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, կազմակերպել ենք մեծ միջոցառումներ, որպեսզի մեր փոքրիկներն ուրախանան և իրենց երջանիկ զգան։ Այսօր, արտակարգ դրության օրերին նմանատիպ մասշտաբային միջոցառում չենք կարող իրականացնել, սակայն պահպանելով սոցիալական հեռավորությունը և անվտանգության բոլոր կանոնները՝ այդ օրը մենք կփորձենք քիչ թե շատ ուրախացնել երեխաներին»,- նշեց ՀԿ-ի հիմնադիրը։

Նրա խոսքով՝ երեխաներն իրենց մի ծնողի հետ տարբեր ժամերի այցելելու են «Օրրան», բակում ստանալու են իրենց նվերները, ընտանիքին էլ կտրամադրվի ամսական ուտելիքի բաժինը։

Կօգնեն երեխաներին՝ հեռավար ուսուցմանը լիարժեք մասնակից լինելու համար

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Հովհաննիսյանն առանձնացրեց այն փաստը, որ հեռավար ուսուցման համար համակարգիչ կամ կապի միջոցներ չունեցող երեխաներին կփորձեն օգնություն տրամադրել։

«Կորոնավիրուսն այս ընթացքում ցույց տվեց, որ հեռավար ուսուցուման առումով կա մեծ բացթողում։ Երեխաներ կային, որոնք չունեին համակարգիչ, կապի միջոց, ինչը դժվարացնում էր դասերի կազմակերպումը։ Սեպտեմբերից մենք մեր ամբողջ ներուժը կդնենք, որպեսզի մեր կառույցի շահառու յուրաքանչյուր երեխա կարողանա մասնակից լինել հեռավար ուսուցման»,- վստահեցրեց Արմինե Հովհաննիսյանը։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]