Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի կարևորությունը և Ադրբեջանի ձախողումը

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի կարևորությունը և Ադրբեջանի ձախողումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակեց Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Տարիներ տևած դատական գործընթացի արդյունքում միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից արձանագրվեց, որ  Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորել է դիմումատուներին վճարել 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։

ՄԻԵԴ-ի նման վճիռը Ադրբեջանի համար խոշոր պարտություն էր, և դրա կարևորությունը կարելի է դիտարկել 3 հիմնական հարթության մեջ:

Նախևառաջ սա բավական կարևոր ձեռքբերում էր բարոյական տեսանկյունից: Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կյանքից զրկած մարդասպանը` Սաֆարովը, թեև հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման (30 տարով առանց ներման թույլտվության), սակայն 8 տարի բանտարկությունից հետո արտահանձնվեց Բաքվին և հենց հաջորդ օրը Ալիևի հրամանագրով ազատ արձակվեց: Ավելին, նա հերոսացվեց, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից. նրան շնորհվեց բարձր զինվորական կոչում, բնակարան Բաքվում, ինչպես նաև միանվագ վճարեց  8 տարվա աշխատավարձը: Այս ամենը, իհարկե, դուրս է մարդկային բարոյականության բոլոր սահմաններից և բավական կարևոր էր, որ այդ ամենն արձանագրվեր նաև միջազգային մակարդակով: Թերևս պատահական չէր, որ սպանված Մարգարյանի ու նրա ծառայակցի ներկայացուցիչներն Ադրբեջանից ու Հունգարիայից դրամական փոխհատուցում չեն պահանջել, այլ միայն` արդարադատության իրականացում: Ինչը և տեղի ունեցավ:

ՄԻԵԴ-ի վճիռը բավական կարևոր է նաև իրավական տեսանկյունից: Դատարանն արձանագրել է, Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտումը։ Ինչ վերաբերում է կոնցենցիային, թեև հայկական կողմը ձգտում էր Սաֆարովի արարքը վերագրել Ադրբեջան պետությանը, սակայն ՄԻԵԴ-ը չի համաձայնել՝ միայն  արձանագրելով պետության կողմից 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում. Ադրբեջանը ոտնահարել է կյանքի իրավունքն ու չի ապահովել պատժի պատշաճ կրումն այն դեպքում, երբ հիմնավորվել է, որ ոճրագործությունը կատարվել է ազգային ատելության հիմքով: ՄԻԵԴ-ն առաջին անգամ է տալիս այնպիսի գնահատական, որ իրավունքի վերականգնման միակ հնարավոր տարբերակը ազատված անձին կրկին ազատազրկելն է։

Հատկանշական է, որ դիմող կողմի իրավապաշտպանները չեն բացառում, որ 2-րդ հոդվածի խախտումն Ադրբեջանին վերագրելու և Հունգարիայի իշխանությունների պատասխանատվության արձանագրման հարցով  կշարունակեն իրենք ջանքերը: Մասնավորապես դիտարկվում է տվյալ հարցերով արդեն ՄԻԵԴ-ի՝ Բարձր պալատ դիմելու հնարավորությունը, ինչը պետք է իրականացվի առաջիկա երեք ամսվա ընթացքում: Կարելի է կանխատեսել, որ Բաքուն ևս կդիմի ՄԻԵԴ-ի Բարձր պալատ՝ «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը բողոքարկելու համար:

Համաձայն ընթացակարգերի՝ ՄԻԵԴ-ը, խախտումների արձանագրման դեպքում որևէ վճռում չի թվարկում այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն, այլ ամրագրում է պահանջ՝ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Հնարավոր բողոքարկման փուլի բարեհաջող ավարտից հետո, վճիռը կմտնի արդեն ուժի մեջ և կփոխանցվի ԵԽ նախարարների կոմիտե, որն էլ պետք է որոշի դրա իրականացման կարգը: Անշուշտ, այս գործընթացում հայկական կողմը պետք է փորձի հիմնավորել, որ ԵԽ նախարարների կոմիտեն գա եզրահանգման, որ խախտված իրավունքի վերականգնման միակ հնարավոր տարբերակը ազատված անձին կրկին ազատազրկելն է, ընդ որում՝ ոչ Ադրբեջանում, որպեսզի ապահովվեն ստուգելի վերահսկողության մեխանիզմներ:

ՄԻԵԴ վճիռը կարևոր է նաև քաղաքական առումով: ՄԻԵԴ-ը առաջին անգամ արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ռասայական պատճառաբանություն ունի, քանի որ ի սկզբանե սպանությունը ռասայական հիմք է ունեցել, և Ադրբեջանի իշխանությունները երբեք որևէ պատճառ չեն ներկայացրել՝ նրան ազատ արձակելու համար: Ուստի վճռի իրավական հետևանքներից մեկը պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանը պետք է վերջ տա հակահայկական խտրականության քաղաքականությունը:

Տարիներ շարունակ հայկական կողմը բարձրաձայնում է Բաքվի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության և քարոզչության մասին և Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռով միջազգային դատական ատյանը, փաստացի, արձանագրեց, որ հայկական կողմի պնդումներն առավել քան հիմնավոր են: ՄԻԵԴ-ի վճիռը կարող է դառնալ բավական ազդեցիկ փաստարկ՝ Ադրբեջանի դեմ մղվող տեղեկատվական-քարոզչական պայքարում: Ուշագրավ է, որ վերջերս ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ Ադրբեջանը 10 տարի առաջ խախտել է նաև իր տարածքում հայտնված Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը: 

Միևնույն ժամանակ այն կարևոր է նաև Ղարաբաղյան հիմնախնդի կարգավորման գործընթացի համատեքստում: ՄԻԵԴ-ի վճիռը, ըստ էության, հաստատում է, որ Ղարաբաղյան պատերազմից ավելի քան երկու տասնամյակ անց Ադրբեջանի կողմից առկա է հայերի էքզիստենցիալ անվտանգության սպառնալիք: Ուստի չի կարող լինել հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը ենթադրում է  վերադարձ անցյալին:

ՄԻԵԴ-ի վճռի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել նաև Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ որակելով այն որպես «Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նման խոշոր պարտությանը երկրի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է մակերեսորեն՝ մեղադրելով Երևանին՝ ՄԻԵԴ-ը «քաղաքականացնելու և քաղաքական արշավում ներգրավելու համար»:

Ամփոփելով պետք է արձանագրել, որ Գ. Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բավական լուրջ արդյունք է, որն ունի իր բարոյական, իրավական և քաղաքական կողմերը: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի նաև գնալ «առճակատման»՝ բացահայտորեն հրաժարվելով վճռի կյանքի կոչումից: Եվ տվյալ դեպքում առանցքային գործոն պետք է դառնա միջազգային հանրության, մասնավորապես՝ եվրոպական կառույցների կողմից Բաքվի նկատմամբ ճնշումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի դիտարկմամբ (վերջերս նման ճնշման արդյունքում Բաքուն ազատ արձակեց քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին):

ՄԻԵԴ-ի վճիռը բացել է լայնածավալ աշխատանքի նոր դաշտ, և դրա ընձեռած հնարավությունները կյանքի կոչելու համար հայկական կողմը դեռ հետևողական ջանքեր պետք է գործադրի ՄԻԵԴ-ում, ԵԽ նախարարների կոմիտեում, ինչպես նաև տեղեկատվական դաշտում:     

 

Նարեկ Մինասյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ