Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան

Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը 
խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է.

«Խորհրդի հարգելի նախագահ,

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Հարգելի Սերգեյ Նիկոլայի,

Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:

Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, և հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձևաչափով:

Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջև, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:

Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու և բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ և ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:

Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում:

Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ ևս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական և ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով:

Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետևյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ, և ցավոք, մահացել է 120 մարդ:

Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաև ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:

Այնուհետև մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը և, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետևելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:

Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաև տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով:

Հարգելի Աբդուլլա Նիգմատովի,

Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը:

Հարգելի գործընկերներ,

Նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով՝ ստիպված ենք արձագանքել:

Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը:

Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձևի և միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:

Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչև 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:

 Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձևաչափին:

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման և կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման հաշվին:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարևորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին:

Մենք մտադրված ենք խորացնել կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը: Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձևավորման գործընթացում:

Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական և լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձևի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:

Ցանկանում եմ նաև վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը և մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների և նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները և հնարավորությունները:

Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային կազմակերպությունների միջև:

Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]