Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ խաղաղապահները կարողանում են բավականին արհեստավարժ կերպով լուծել իրենց առջև դրված խնդիրները տարբեր առաքելություններում և արժանանալ տեղի թե հրամանատարության և թե նաև Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի ղեկավարության գնահատանքին։ Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի հետ։ Նրա հավաստիացմամբ՝ այդ գնահատականի վառ վկայությունն են միջազգային հրամանատարության կողմից ստացված բազմաթիվ խրախուսանքները և շնորհակալական նամակները։

«Իսկ ովքե՞ր են Հայաստանում համալրում խաղաղապահ բրիգադի շարքերը․ այն զինծառայողները և այն քաղաքացիները, որոնք պարտադիր անցել են ժամկետային զինծառայությունը։ Շատ քիչ պետություններ կարող են ունենալ մարտական իրավիճակներում ծառայած զինծառայողներ, որոնք ունեն փորձ մարտական խնդիրների իրականացման համար, որը նաև առաքելություններում մեր խաղաղապահների առջև դրված խնդիրների հաջող լուծման ամենակարևոր հիմքերից մեկն է, ինչպես նաև՝ նրանց լուրջ վերաբերմունքը ծառայության նկատմամբ։ Միանշանակ, արժանանում ենք և՛ տեղի հրամանատարության, և՛ մեր ղեկավարության գնահատանքին»,-ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված խնդրին՝ Տոնոյանը նշեց, որ պարբերաբար սահմանված կարգով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և այս պահին խաղաղապահների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպք չի արձանագրվել։

«Բժշկական առումով ստորաբաժանումները վերահսկողության տակ են․ խաղաղապահները պարբերաբար ստուգվում են և պարբերաբար կատարվում են թեստավորումներ, ինչպես նաև կանխագելիչ միջոցառումներ»,- եզրափակեց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ընդգծում է՝ միջազգային խաղաղապահության բնագավառում հայ խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն: «Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, առաքելությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում»,-նշում է Ստեփանյանը:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թվականին կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թվականին ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Նորաստեղծ ստորաբաժանման առաջին առաքելությունն ու մարտական մկրտությունը Կոսովոյում էր 2004թվականին:

Ներկայում հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, մեկ դիտորդ էլ՝ Մալիում։ Ընդհանուր թվով 200-ից ավելի զինծառայողներ խաղաղապահ ծառայություն են իրականացնում:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]