Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Պատմաբանն Առաջին հանրապետության պատմական նշանակությունը համարում է պետական մտածողության ձևավորումը

Պատմաբանն Առաջին հանրապետության պատմական նշանակությունը համարում է 
պետական մտածողության ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Հայաստանի առաջին հանրապետության պատմական նշանակությունը համարում է մարդկանց մոտ պետական մտածողության ձևավորումը: Այս մասին Մելքոնյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Առաջին հանրապետության պատմական նշանակությունն այն է, որ այն 2.5 տարվա ընթացքում մարդկանց մեջ ձևավորեց պետական մտածողություն: Այդ մտածողությունն այնքան զորավոր էր, որ ընդամենը 1.5 ամսվա ընթացքում, երբ բոլշևիշկներն իրենց խոստումները չկատարելով, սկսեցին բռնություններ գործադրել խաղաղ բնակչության նկատմամբ, ժողովուրդը նորից անկախության ուղի բռնեց, և 1921թ. փետրվարի 18-ին նորից եռագույնը ծածանեց Երևանի պետական շենքերի վրա: Այսինքն՝ վերականգնեց անկախությունը»,- ասաց Մելքոնյանը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Առաջին հանրապետության հռչակումը շրջադարձային իրադարձություն էր հայոց նորագույն պատմության մեջ:

«Այն նշանավորեց նորագույն դարաշրջանի սկիզբը, և առաջին հանրապետությունը ծնվեց մայիսյան հերոսամարտերի բոցերում ի տարբերություն մեր հարևան Ադրբեջանի և Վրաստանի, որոնք իրենց անկախությունը հռչակելիս նախապես եկել էին թուրք-գերմանական հատվածի հետ համաձայնության, մենք մնացել էինք թուրքերի դեմ միայնակ, և, բարեբախտաբար, մայիսյան հերոսամարտերի շնորհիվ կարողացանք կանգնեցնել թուրքերին, և այդ պայմաններում վերականգնել հայոց պետականությունը»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրենը կարևորում է հատկապես այն, որ Առաջին հանրապետության ծնունդը տեղի ունեցավ պարարտ հողի վրա, ի տարբերություն շատերի կարծիքի, թե հայերն ուղղակի դատապարտվեցին անկախության՝ ռուսական կայսրության փլուզման արդյունքում:

«Հատկապես Արամ Մանուկյանի շնորհիվ՝ Վանում 1915թ. ապրիլ-հունիս ամիսներին ստեղծված Վանի նահանգային վարչության, արդեն պետականության նախատիպը ձևավորված էր: Այդ ամբողջական փորձն օգտագործելով, Արամ Մանուկյանը 1917թ. վերջից մեկնեց Երևան, Երևանի Ազգային խորհրդի աշխատանքները գլխավորեց, դիկտատորական լիազորություններով կարգ ու կանոն հաստատեց Արևելյան Հայաստանում և կարողացավ կյանքի կոչել Առաջին հանրապետությունը»,- ասաց Մելքոնյանը:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը հավելեց՝ մայիսի 28-ի պատմական խորհուրդը նրանում է, որ այն մեկ ընդհանուր շղթայի մեջ ձևավորեց երեք հանրապետությունները և նորագույն շրջանի հայոց պետականությունը:

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

102 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը  կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

Նորայր Շողիկյան

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ