Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին 
Հանրապետության հիմնադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակի մասին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝ մայիսյան հաղթանակների ամենամեծ ձեռքբերումը պետականություն ունենալն է։

«Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև երկարատև դադարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հնարավորությունն է տրվել պետականություն ձեռք բերելու։ Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ»,- ասաց Թևոսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մայիսի 28-ը համարեց հայ ազգի համար վերածննդի օր։ «Հենց մայիսի 28-ին հազարամյակների անէությունից վերածնվեց Հայաստանի Հանրապետությունն ու հենց հայերի ջանքերի գնով։ Առաջին անգամ դարերի մեջ մենք հույսը դրեցինք ինքներս մեզ վրա և հաղթեցինք գրեթե անհավանական պայմաններում։ Մենք կարողացանք ապացուցել, որ գոյություն ունենալու իրավունք ունենք որպես ազգ, որպես պետություն և որպես միավոր»,- նշեց Գորգիսյանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այս տոները մեկ օր հիշելու առիթ չլինեն, այլ, որպեսզի հայ ազգն ապրի հաղթանակների ու ձեռքբերման գիտակցումով։ Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով ու ջանքով հայ ժողովուրդը պետք է մի քար դնի պետության պետականության կայացման և կառուցման գործում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ը համարում է Հայաստանի պետականության վերակերտման և վերածննդի օր։ «Այս օրը ճակատագրական օր է հայ ազգի համար, որովհետև հենց այդ ժամանակ է դրվել մեր անկախության նվաճման, պետականության հիմքը։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, առողջություն և ազգային միասնականություն, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Իսայանը։

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի՝ 102-ամյակը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]