Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում

Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 102-րդ ամյակին Հայոց ազգագրության թանգարանը վիրտուալ հարթակում կներկայացնի «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» խորագրով ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարեն Փահլեվանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման ընթացքում թանգարանը փակ է եղել և գործունեություն է ծավալել օնլայն տիրույթում: Մայիսի 28-ին այն նույնպես փակ կլինի այցելուների համար:

Խոսելով սպասվող՝ «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» ցուցահանդեսի մասին՝ տնօրենն ասաց, որ առաջին անգամ ցուցադրվելու են այն զենքերը, որոնք երկար տարիներ պահվում են թանգարանի ֆոնդում, զենքեր, որոնք 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ են կիրառվել:

«Ներկայացնելու ենք սառը զենքեր, հրազեն՝ ատրճանակներ, հրացաններ և խոշոր տրամաչափի զնեքեր, ինչպես, օրինակ, գնդացիր և այլն: Զենքերից յուրաքանչյուրն ունի հետաքրքիր պատմություն: Կան զենքեր, որոնք մեզ են հանձնել, կան զենքեր, որոնք մենք ենք ձեռք բերել, կան նաև անվանական և այլ զենքեր»,-նշեց Փահլեվանյանը:

Անդրադառնալով վիրտուալ տիրույթում աշխատանքի դրական և բացասական կողմերին՝ տնօրենն ընդգծեց, որ առցանց հարթակում հետևորդների քանակը զգալիորեն աճել է, բայց թանգարան այցելելն այլ հաճույք է: «Ըստ իս՝ հետևորդների քանակի ավելացումը միայն պայմանավորված չէ թանգարանների օնլայն հարթակում ակտիվ գործունեությամբ: Դա կապված է նաև այն հանգամանքին, որ  մարդիկ արտակարգ դրույթան օրերին մեկուսացված էին ու մեծ հետաքրքրությամբ էին հետևում մեզ առցանց հարթակում: Եթե հետևորդներն ունենան ընտրելու հնարավորություն գնալ թանգարան, թե մնալ առցանց տիրույթում, նրանք կընտրեն թանգարան գնալը»,-հավաստիացրեց Հայոց ազգագրության թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ցուցանմուշի հետ կապված պատմություն կա, որը հնարավոր չէ լիարժեք ներկայացնել օնլայն: «Այն անոտացիոն տեքստերը, որոնք կցվում են թանգարանային առարկային, երկու կամ երեք նախադասությամբ չես կարող ընկալելի դարձնել հետևորդին կամ պոտենցիալ զբոսաշրջիկին: Մենք ունենք էքսկուրսիաներ մի քանի լեզվով, որոնք շատ հետաքրքիր են: Հետևում եմ էքսկուրսիաներին, որ գիտական նյութը համեմվի հետաքրքրական փաստերով, որ զբոսաշրջիկն իր այցելությունը արդարացված համարի»,-եզրափակեց Կարեն Փահլեվանյանը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ