1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը չի զիջում դիրքերը. Փաստավավերագրական, ապրիլ, 2020

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը չի զիջում դիրքերը. 
Փաստավավերագրական, ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ ապրիլի վաճառքների:

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Երրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Չորրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:

Հինգերորդ տեղում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:

Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը վեցերորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ: 

Յոթերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» ութերորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» իններորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Տասներորդ հորիզոնականում է «Գիտնականը և Նախագահը» վերնագիրը կրող գիրքը՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին: Ժողովածուն կազմել և ձևավորել է Ավետիս Ավագյանը, խմբագրել՝ պատմաբան Աշոտ Սարգսյանը։ Ընթերցողին հրամցվող սույն ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյա հոբելյանի առթիվ։ 

 

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 375
2 նոր

Միշել Օբամա

«Իմ պատմությունը»

Newmag 82
3 -1

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 62
4 +1

Մարկ Մենսոն

«Թքել ենք բոլորս»

Newmag 33
5 *

Ռեյչլ Հոլիս

«Աղջիկ ջան, ուշքի արի»

Newmag 17
6 *

Լուկա Կայոլի

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»

Newmag 14
7 0

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 14
8 *

Օգ Մանդինո

«Աշխարհի մեծագույն վաճառականը»

Էդիթ Պրինտ 14
9 -5

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 13
10 նոր «Գիտնականը և Նախագահը» Անտարես 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]