Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

ՄԻԵԴ վճիռը կարևոր է էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

ՄԻԵԴ վճիռը կարևոր է էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների 
կանխման համար․ Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։

««Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին արձանագրել է ու հաշվի առել Ադրբեջանի օմբուդսմանի՝ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»։ Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Ադրբեջանի օմբուդսմանը հայտարարել էր, որ «Սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության և Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հոգատարության հերթական ապացույցն է»։

Եվրոպական դատարանը վճռով դատապարտելի է համարել էթնիկական ատելությամբ պայմանավորված սպանություն կատարած անձի ազատ արձակումը և հերոսացումը, որը անպատժելիության մթնոլորտի ձևավորման վտանգավոր խթան է։ Ընդ որում, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցում ժամանակին մտահոգություն էին հայտնել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI), ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։

Պետք է հիշել, որ նման դաժանությամբ սպանություն կատարած անձի անխուսափելի պատասխանատվությունը, նրա կողմից պատժի կրումը հստակ նպատակ ունեն կանխելու էթնիկ ատելություն հիմքով նման ոճրագործությունների կատարումը հետագայում: Սակայն նման հանցանքի հերոսացումն ու քաջալերումն ունի վտանգավոր հետևանքներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում ավելի մեծ դաժանությամբ հանցագործությունների կատարման համար։

Պետք է ի սպառ վերացնել էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությունն ու ատելությունը։ Սա սկզբունքորեն է անթույլատրելի առավել ևս երբ դա խրախուսվում է պետության կողմից: Այս երևույթը վտանգավոր է մարդու իրավունքների համընդհանուր համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր: Այսպիսի հետևանք էր Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը։

Այս գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թույլ է տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի խախտում ընթացակարգային տեսանկյունից (2-րդ հոդված), ինչպես նաև խտրականության արգելքի իրավունքը (14-րդ հոդված)՝ զուգակցված 2-րդ հոդվածով: Վճռում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը չի ապահովել իր քաղաքացու նկատմամբ սահմանված պատժի հետագա կիրառումը, ինչը հանգեցրել է ատելության հիմքով կատարված հանցանքի անպատժելիության (impunity for a serious hate crime)։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարգավիճակի առավելագույն գործադրմամբ հետևողական կլինի համընդհանուր մակարդակում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականության և ատելության դեմ պայքարին վերաբերող իրավական սկզբունքների և չափանիշների արդյունավետ կենսագործումը խթանող աշխատանքներին։

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի առնվազն տասներկու հարվածներով դաժանաբար սպանել էր քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա։ Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, ով դատապարտվելուց հետո մի քանի տարի անց Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, արժանացել էր ներման ու հերոսացվել էր ազգությամբ հայ սպանելու համար։ Ռ Սաֆարովը, մասնավորապես, ստացել էր մի շարք արտոնություններ՝ բանտում անցկացրած ութ տարվա համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվել էր հրապարակային արարողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ