Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարակի երբեմնի օջախ Էջմիածնում իրավիճակն այսօր հանգիստ է. Դիանա Գասպարյան

Վարակի երբեմնի օջախ Էջմիածնում իրավիճակն այսօր հանգիստ է. Դիանա 
Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակին կորոնավիրուսի բռնկման օջախ դարձած Էջմիածինը ներկայում այն քաղաքներից չէ, որտեղ մեծ թվով վարկակիրներ կան: Համաճարակային իրավիճակն այնտեղ նահանջել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքում մեծածավալ հակահամաճարակային աշխատանքներ են տարվել, որոնք հանգեցրել են իրավիճակի կայունացմանը: 

«Էջմիածինը սկզբում եղել է վարակի բռնկման օջախ, այս պահին հանրապետության մասշտաբով չենք կարող այն առանձնացնել որպես ամենաշատ վարակակիր ունեցող քաղաքներից մեկը: Քաղաքն, այդ իմաստով, իր դիրքերը բարեբախտաբար զիջել է: Քաղաքապետարանն այս ընթացքում մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեց, ախտահանվեցին փողոցները, մայթերը, կանգառները, նստարանները, այն բոլոր վայրերը որոնք կարող են պոտենցիալ վարակի աղբյուր հանդիսանալ: Բնակաբանար, փակվեցին մարզադպրոցները, նախակրթարանները, թանգարանները»,-ասաց քաղաքապետը: Նա նկատեց, որ իրենց մոտ դիմակներ կրելուն անցել են ավելի վաղ: Քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ ախտահանող միջոցներ և բաժանել տնտեսավարողներին, սննդի կետերին, խանութներին, որպեսզի տարածքները հնարավորինս մանրակրկիտ ախտահանվեն: Այդ համալիր միջոցառումների արդյունքում Էջմիածնում վարակը բավական նահանջեց: 

Խոսելով թվերի մասին՝ Դիանա Գասպարյանը չառանձնացրեց Էջմիածինը և ներկայացրեց Արմավիրի մարզի վիճակագրությունը: Վերջին տվյալների համաձայն՝ մարզում կա 488 վարակակիր, 235 առողջացած, 400-ից ավելի ինքնամեկուսացված: Մահերի թիվը կազմում է 6:

«Երեկ ցավալի ևս մեկ դեպք ունեցանք, Էջմիածնում վարակի հետևանքով մահացել է 50-ն անց մի քաղաքացի: Ընտանիքի անդամները ծանր վիճակում են: Ուզում եմ ընդգծել, որ պետք չէ մատների արանքով նայել վարակին, անհրաժեշտ է ցանկացած պարագայում պահպանել անվտանգության կանոնները»,-ասաց Դիանա Գասպարյանը: 

Այս ընթացքում քաղաքում վերաբացվել են սննդի կետերը, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, խանութները, բոլորի մուտքը դիմակով է: Դեռ չեն վերաբացվել մանկապարտեզները, բացումը նախատեսված է հունիսի 1-ից, քանի որ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: 

«Ծնողների հետ բանակցություններ են անցկացվել՝ հասկանալու, թե քանի երեխա կունենանք հաճախող: Այսօր ունենք այնպիսի վիճակ, որ մանկապարտեզները կկարողանան աշխատել առավելագույնը 12 հոգանոց խմբերով: Բարեբախտաբար չունենք խնդիր տարանջատելու աշխատող և չաշխատող ծնողներին: Այս պահին մանկապարտեզ բերելու ցանկություն հայտնած բոլոր ծնողները կկարողանան դա անել, որովհետև թիվը մեծաքանակ չէ: Ասեմ, որ չեն վերաբացվի երաժշտական, գեղարվեստի, մարզական դպրոցները»,-ասաց նա:

Քաղաքապետը նկատեց, որ հանրապետությունում թվերի աճին զուգընթաց զգոնությունը հաճախ ավելի պակասում է, քան սկզբում էր, երբ թվերը փոքր էին: Նրա խոսքով, ամեն դեպքում պաշտոնյաները, պետական այրերը փորձում են օրինակ ծառայել՝ դիմակ կրելով: Հաշվի առնելով, որ քաղաքում վարակի բռնկման պատճառ դարձավ խնջույքի անցկացումը, արդյո՞ք այդ դեպքից հետո քաղաքում բնակիչներն առավել զգոն են դարձել այդ տեսանկյունից:

«Անկեղծ, ինքս խնջույք մեծածավալ չեմ նկատել, ամեն դեպքում նման տեղեկություն չունեմ: Այս տեսանկյունից քիչ թե շատ խնդրահարույց են հոգեհանգստի, սգո արարողությունները, որոնք կարող են մարդաշատ համարվել, բայց դա այնքան նուրբ հարց է, որ այստեղ միջամտելը մի փոքր ռիսկային է, ապավինում ենք մարդկանց ողջամտությանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Էջմիածնում ներքին տուրիզմին, ապա Դիանա Գասպարյանը նշեց, որ հոսքը էականորեն նվազել է, շատ քիչ թվով մարդիկ են գալիս: Մայր Աթոռն այս փուլում վերանորոգման շրջնում է, դրանից բացի, եկեղեցին որդեգրեց մասսայական միջոցառումներ չանցկացնելու քաղաքականություն, որպեսզի հնարավորինս նվազեցնի տարածումը: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]