Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Մայիսի 26-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում վերսկսվել են ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների գործողությունները՝ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Շարունակվում է արդյունավետ վերահսկողությունը կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեության ընթացքում անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության կարգախմբերը հետևում են, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ միջոցներ։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 4 դեպք։

Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 69 դեպք։
Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հասարակական վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հանրային վայրերում հայտնաբերվել է 13 անձ, որոնք հանրային վայրերում դիմակ չեն ունեցել: Պարտադիր է նաև միմյանց միջև սոցիալական հեռավորության պահպանումը։

Ոստիկանության ծառայողները կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, ինչպես և այլ գերատեսչությունների ծառայողների հետ այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ՝ պարզելու` կան սահմանված կարգը խախտողներ։

Ստուգողական այցելություններ են կատարվել նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։ Ստուգումների ընթացքում հացի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է մեկ անձ, որը դիմակ չի կրել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։

Միջոցառումներին մասնակցել են նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներ։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ