Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորման ծավալն ավելի է ընդլայնվելու

Կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորման ծավալն ավելի է ընդլայնվելու

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատունը քննարկել է թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և  մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ Որոշ ժամանակ անց, կարծում եմ, որ թեստավորման շարունակական ավելացման գործընթացը էլ ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց փոխվարչապետը։

Արտակարգ դրության ռեժիմի պարետը չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարատինային ռեժիմի սահմանումը։

«Որոշ դեպքերում որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում ենք, ինչպես, օրինակ՝ սահմանվել է Սևանում, Արենիում, և վարչական առումով կրկին լինելու են խստացումներ։ Պետք է խնդրենք նաև մեր սիրելի հայրենակիցներին, որպեսզի ըմբռնումով մոտենան այս խստացումներին և, կարծում եմ, այս ընդհանուր կանոնների պահպանման տրամաբանությունը և մեր պարտաճանաչությունը  թույլ կտան իրապես նվազեցնել վարակի տարածման թվերը, որը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման ունակությունների պահպանման համար։ Առողջապահական համակարգը պետք է շարունակաբար կարողանա սպասարկել հիվանդներին»,- ընդգծեց Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ վարակի տարածման մարման մասին որևէ երկիր չի խոսում և վարակը դեռևս մնալու է տևական ժամանակ։

«Կարևորագույն գործոն է այդ ամենում կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակների կրումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը»,- եզրափակեց Ավինյանը։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ