Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկեց 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական 
ընտրակարգի անցնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության և խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պատգամավորներ  Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բարգատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի, Գևորգ Գորգիսյանի և ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նախ նշեց կարևոր նախադեպի մասին՝ այս օրենքը համահեղինակել են նաև խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ: Նա նախադեպային առումով սա համարեց բավական դրական քայլ, և կառավարություն-խորհրդարան, խորհրդարանական խմբակցությունների միջև ամրացման կարևոր քայլ:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ  ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը: Իսկ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն իրենց քաղաքական ներուժը 5 տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել: «Նախկինում ունենում էինք դեպքեր, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքապետը շատ դեպքերում 1-2 տոկոսով, երբեմն նաև մի քանի ձայնով պարտություն էր կրում, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս էր մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց: Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ այդ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ: Սա նշանակում է, որ այն մոդելը, որը առկա է խորհրդարանում, կտեղափոխվի նաև տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասաց նախարարը:

Փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների անդամների թվաքանակին, ընտրական գրավի չափին, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն:

Իսկ երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար:

Առաջարկվում է նաև օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Պապիկյանը նկատեց՝ դա բազմիցս քննադատվել է, դա հիմք ընդունելով՝ որոշել են այս փոփոխությունն անել:

Առաջարկվում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին, տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]