Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է 
արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մայիսի 25-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին:

«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` իմ առջև դրված առաջնահերթ խնդիրն է եղել հանձնաժողովի հանդեպ վստահության բարձրացումը և հենց այդ տեսլականով 2019 թվականին հանձնաժողովը փորձեց կառուցել իր գործունեությունը», - շեշտել է բանախոսը:

ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ` «Համաշխարհային տնտեսական ֆորում»  կազմակերպության 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, որը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը և  հարևան երկրների համեմատ գտնվում է բարելավված դիրքում: Նույն զեկույցի համաձայն՝ մեր երկիրը նշանակալի բարելավել է դիրքը Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության և Ծառայությունների ոլորտում մրցակցության մակարդակի ցուցանիշներով՝ առաջինի դեպքում` 47-րդ հորիզոնականից զբաղեցնելով 35, մյուս դեպքում` 41-րդից 19-րդ հորիզոնականները:

Գեղամ Գևորգյանի խոսքով` այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված չէ, այլ ամբողջ կառավարման ապարատի կատարած աշխատանքի արդյունքն է:

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև 2017-2019 թվականների ընթացքում հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը և համեմատականը: Ուշագրավ է, որ հաշվետու տարում վարույթներ են հարուցվել, որոնց գծով նախորդ երկու տարիներին  հարուցված վարույթների թիվը 0 է եղել:

Մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, որոնք համարվում են մրցակցության ոլորտում ամենածանր խախտումները, հարուցվել է 2, պետական  մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ՝ 6 վարույթ: «Սա հանրության համար շատ կարևոր հաղորդագրություն է  առ այն, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող գործողությունների դեմ»,- արձանագրել է Գեղամ Գևորգյանը:

Միաժամանակ, գերիշխող դիրքի չարաշահումների առումով 2019 թվականին հարուցվել է 20 վարույթ, ինչը 2.5 անգամ ավել է 2018 (3 վարույթ) և 2017 (5 վարույթ) թվականներին այդ գծով հարուցված վարույթների հանրագումարից: 

Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ 2017 թվականին հարուցվել է 43, 2018 թվականին՝ 25 և 2019 թվականին` 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումները համապատասխանաբար եղել են 23, 7 և 8:  Անբարեխիղճ մրցակցության գծով վարույթները, որոնք առավել հաճախ  արձանագրվող խախտումներից են, հաշվետու ժամանակահատվածում 57 են եղել, նախորդող տարիներին 35 և 55 վարույթներ են քննվել:

Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձ է կատարել առանձին ոլորտներում բացահայտված խնդիրներին, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներին, հանձնաժողովի կողմից առաջարկվող լուծումներին և զարգացման տեսլականին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին:

Հաշվետվության մանրամասները՝ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ