Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ո՞վ է կողմ, ով՝ դեմ, որ Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը

Ո՞վ է կողմ, ով՝ դեմ, որ Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պուերտո Ռիկոյի կառավարիչ Վանդա Վասկեսը մայիսի 17-ին ստորագրել է օրինագիծ, որով նախատեսվում է նոյեմբերի 3-ին անցկացնել հանրաքվե` ԱՄՆ կազմում ներառվելու հարցով:

Ներկայումս Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի կազմում ունի հատուկ կարգավիճակ, գտնվում է ԱՄՆ կառավարման ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը: Պուերտո Ռիկոյի բնակիչներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն, բայց չեն կարող քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Չնայած Պուերտո Ռիկոն ազատված է դաշնային եկամտահարկ վճարելուց, սակայն այն վճարում է սոցիալական, բժշկական ապահովության, ինչպես նաև այլ տեղական հարկեր, և ստանում է ավելի քիչ դաշնային ֆինանսավորում, քան ԱՄՆ նահանգները: Ուստի, Պուերտո Ռիկոյի` ԱՄՆ նահանգ դառնալու ցանկությունը, նախևառաջ պայմանավորված է ԱՄՆ մյուս նահանգներին հավասար ֆինանսական և այլ արտոնություններ ստանալու նպատակով: Այս հանրաքվեն ևս բացառություն չէ. վերջին շրջանում Պուերտո Ռիկոն զգալիորեն տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժ, փոթորիկ, ինչպես նաև Կորոնավիրուսի համավարակից:

ԱՄՆ նահանգ դառնալու հարցով Պուերտո Ռիկոյում հանրաքվեներ մի քանի անգամ արդեն անցկացվել են: Նախկինում հինգ հանրաքվեներից (1967թ., 1993թ., 1998թ., 2012թ., 2017թ.) նոյեմբերին նախատեսվող հանրաքվեն կտարբերվի նրանով, որ առաջին անգամ Պուերտո Ռիկոյի քաղաքացիները կպատասխանելու պարզ հարցի՝ «Արդյո՞ք Պուերտո Ռիկոն պետք է անհապաղ դառնա ԱՄՆ նահանգ»: 2017թ. անցկացված վերջին հանրաքվեի ժամանակ, օրինակ, բնակիչներն ունեին տարբեր կարգավիճակների ընտրության իրավունք: Հանրաքվեի մասնակիցների 97.13% կողմ էր քվեարկել ԱՄՆ նահանգ դառնալուն, մինչդեռ 1.52%-ն կողմ էր անկախությանը, իսկ 1.35%` ներկայիս կարգավիճակի պահպանմանը: Հատկանշական է, որ եթե առաջին երեք հանրաքվեներում մասնակիցների մեծամասնությունը դեմ էր ԱՄՆ նահանգ դառնալուն, ապա վերջին երկու հանրաքվեներում մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել այդ կարգավիճակին (2012թ.` 61.2%, 2017թ.` 97.13%): 

Պուերտո Ռիկոյում ԱՄՆ նահանգ դառնալու հարցը տարիներ շարունակ եղել և մնում է ներքաղաքական սուր բանավեճի առարկա: Երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, չի աջակցում հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը՝ կողմ արտահայտվելով ներկայիս կարգավիճակի պահպանման օգտին:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ևս այս հարցում չկա միասնական դիրքորոշում: ԱՄՆ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ Կոնգրեսն է իրավասու ընդունել ԱՄՆ կազմում նոր տարածքներ: Սա նշանակում է, որ Պուերտո Ռիկոյում անցկացված հանրաքվեն (դրական արդյունքի դեպքում) պետք է ստանա նաև ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: Թեև ԱՄՆ Կոնգրեսը նախկինում ընդունել է բանաձև, որը հնարավորություն է տալիս Պուերտո Ռիկոյի բնակիչներին կամարտահայտման միջոցով որոշել իրենց կարգավիճակը, սակայն անցկացված ոչ մի հանրաքվեից հետո Պուերտո Ռիկոն ԱՄՆ կազմ ներառելու մասին որևէ օրինագիծ չի հասել Կոնգրեսի պալատներից և ոչ մեկի քվեարկության:

Ավանդաբար, հանրապետականները դեմ են եղել Պուերտո Ռիկոն ԱՄՆ կազմում ներառելուն, քանի որ այն տարիներ շարունակ աջակցել է դեմոկրատներին: Եթե Պուերտո Ռիկոն ներառվի ԱՄՆ կազմում, ապա Կոնգրեսի ընտրություններում Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչները կստանան քվեարկելու իրավունք (ստանալով 5 մանդատ Ներկայացուցիչների պալատում, 2 մանդատ՝ Սենատում), ինչը կարող է թուլացնել ԱՄՆ օրենսդիր մարմնում հանրապետականների դիրքերը: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում Պուերտո Ռիկոյի միակ ներկայացուցիչը չունի քվեարկելու իրավունք:

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ևս բացասաբար է արտահայտվել Պուերտո Ռիկոյի վերաբերյալ` այն անգամ անվանելով աշխարհի «ամենակոռումպացված» վայրը: Նա մի քանի անգամ դեմ է հանդես եկել նաև Պուերտո Ռիկոյին տրամադրվող դաշնային ֆինանսավորման ավելացմանը՝ անգամ այնտեղ տեղի ունեցած բնական աղետների ժամանակ: Ամերիկյան մամուլի համաձայն՝ ԱՄՆ նախագահն նույնիսկ կատակել է, որ կփոխանակի Պուերտո Ռիկոն Գրենլանդիայի հետ:

Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Պուերտո Ռիկոյի հարցում ուներ դրական վերաբերմունք: Ջոն Քենեդիից հետո նա ԱՄՆ երկրորդ նախագահն էր, ով պաշտոնավարման ժամանակ այցելեց Պուերտո Ռիկո: Իր ելույթներում նա խոստացել է աջակցել Պուերտո Ռիկոյի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշման: Բացի այդ, 2016թ. նա ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է աջակցեր Պուերտո Ռիկոյին՝ հաղթահարել տնտեսական դժվարությունները:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ իրադարձությունների զարգացման այս փուլում, հազիվ թե սպասվող հանրաքվեն հանգեցնի Պուերտո Ռիկոյի կարգավիճակի փոփոխությանը: Այս հարցում կան բավական լուրջ խոչընդոտներ, մասնավորապես` ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների ընդգծված բացասական վերաբերմունքը տվյալ հարցի հետ կապված:

 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]