1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է, մեկը մյուսից մեծ ու անհավանական. Հարությունյան

Նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է, մեկը մյուսից մեծ ու 
անհավանական. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Արցախում նորանոր երազանքներ դնելու և հասնելու, որոնք կլինեն մեկը մյուսից մեծ ու անհավանական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանն իր ելույթում:

Նախագահը նախ խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին: «Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնպաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես և բոլոր մարտիկները մեկ երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաև ազատ՝ օտար լծից, մահաբեր պատերազմից և զրկանքներից: Այսինքն, երազանք ունեինք տեսնել միացյալ և ազատ հայրենիք: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Շուշիի ազատագրման գործողություններին՝ նա նկատեց, որ սեփական ներուժին ապավինելու շնորհիվ, նվիրյալների կյանքի և ջանքի գնով, համայն հայության միակուռ սատարումով հաջողվել է հասնել միացյալ և ազատ հայրենիք ունենալու մեծ երազանքին, և 28 տարի շարունակ պահպանել և զարգացնել այն: «Այժմ նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է, մեկը մյուսից մեծ ու անհավանական: Այժմ ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ, այժմ ժամանակն է երազելու և գործելու ժողովրդի համար բարեկեցիկ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, ժամանակն է երազելու և գործելու մեծ հայրենադարձության իրականացման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու Հայոց միացյալ հայրենիքի համամարդային և միջազգային դերակատարության ու պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ: Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու և ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել»,-ասաց նախագահը:

Նա երդվեց երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու է առավելագույնը՝ իր գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ: Պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր  ի վեր հարստացել են՝ միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով»,-ասաց Հարությունյանը:

Նախագահը խոսեց նաև Հայոց ցեղասպանության արհավիրքի մասին,  որից հետո հայ ազգը վերստին ուժ գտավ՝ վեր հառնելու, դարավոր զրկանքներից հետո մեջքն ուղղելու և կրկին հաղթական մայիս ամսին հիմնելու ազգային պետականություն: «Նույնիսկ այդ ժամանակ նորից հարթ չէր հայության ճամփան՝ ներառյալ Արցախում, որտեղ հատկապես Շուշիի հայությունը առերեսվեց ցեղասպանության գործողությունների: Արցախը խեղդվեց և մասնատվեց նաև հետագա 70 տարիների ընթացքում՝ խորհրդային Ադրբեջանի բռնաճնշումների ներքո: Նոր ցեղասպանությունը կանխելու համար ոտքի կանգնեց արցախահայությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության անվերապահ ու անմնացորդ աջակցությունը: Արցախյան շարժումը համազգային զարթոնք էր, Արցախյան շարժումը հայտ էր՝ թոթափելու զոհի կերպարը և սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը»,-ասաց Արցախի նախագահը:

Նա նկատեց նաև, որ պատվով ու հաղթանակով դուրս գալով պարտադրված Հայրենական պատերազմից՝ պետականության կերտման ճանապարհին բարդ ու դժվարին մարտահրավերներ են հաղթահարել: «Այդ 26-ամյա ընթացքը պատերազմ էր, պատերազմից հետո պատերազմ էր՝ պատերազմի բացառման նպատակով: Հիմնահատակ քայքայված տնտեսության վերականգնումը, մթության, սովի և ավերված ենթակառուցվածքների պայմաններում նոր պատերազմ է իրենից ներկայացնում, որը դեռև ամբողջովին չի ավարտվել: Սակայն մյուս կողմից նշանակալի են հաջողությունները, որոնց արձանագրման գործում ավելի քան մեկ տասնամյակ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ես էլ իմ համեստ ներդրումը բերելու հնարավորություն եմ ունեցել»,-ասաց Հարությունյանը:

Դիմելով երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՝ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների ու հետևողական աշխատանքի և իրեն այդ գործում տրված հնարավորության համար: Այդ ժամանակահատվածը նա համարում է  Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը: Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նաև Արցախի պետականաշինության և հաղթանակների կերտման գործում ամենափոքր ներդրումն իսկ ունեցած բոլոր պետական և ազգային գործիչներին, բոլոր հայրենանվեր անձանց ու կազմակերպություններին՝  Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում: Հարությունյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]