Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

2020-ի արդյունավետ մեկնարկը կօգնի հաղթահարել դժվարությունները

2020-ի արդյունավետ մեկնարկը կօգնի հաղթահարել դժվարությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշների վրա կորոնավիրուսի համավարակի էական բացասական ազդեցություններ թողնելու վերաբերյալ պնդումները քննարկման ենթակա չեն։ Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում փորձագիտական հանրությունն զբաղված է երկրների տնտեսությունների անկման ցուցանիշների հաշվարկներով եւ կանխատեսումներով։ Ըստ միջազգային դոնոր կազմակերպությունների կանխատեսումների՝ այս տարի մեր հանրապետության ՀՆԱ-ի անկումը մոտ է լինելու 2 տոկոսի ցուցանիշին։ Սպասվում է, որ հարկային եկամուտները կնվազեն շուրջ 170 մլրդ դրամով, եւ արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ՝ «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված 161 միլիարդի փոխարեն։

Նման կանխատեսումների պայմաններում օրինաչափ էր, որ կառավարությունը գնաց տնտեսության հիմնական ոլորտներից գործունեության սահմանափակումների վերացման քայլերին։ Ներկայում սահմանափակումների մեղմման են գնում գրեթե բոլոր պետությունները, ինչը փաստում է, որ համաշխարհային տնտեսությունը սկսելու է աշխատել նաեւ համավարակի պայմաններում։ Վերոհիշյալ գործընթացների դրական դինամիկայի դեպքում ակնկալվում է, որ Հայաստանի համար հաշվարկված անկման նախնական ցուցանիշներն, այնուամենայնիվ, հիշատակված ծավալներով չեն լինի, այլ ավելի մեղմ կլինեն։

Մեր երկրի տնտեսությունն այս իրականությանն է բախվել այն դեպքում, երբ պետությունը տարին մեկնարկել էր դրական եւ խոստումնալից ցուցանիշներով։ Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 104 տոկոս։ Ոլորտի գրեթե բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել են աճի ցուցանիշներ եւ սա այն դեպքում, երբ արդեն մարտ ամսին տնտեսությունն արդեն փաստացի կրում էր համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի ողջ ծանրությունը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա համամատ կազմել էին 108,7 տոկոս (աճը՝ 8.7 տոկոս)։ Վերջին տարիներին կայուն անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, գրանցվել էր 4.5 տոկոս աճ։ Ծառայությունների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էին 105.7 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը 114.8 տոկոս։

Ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա համավարակի բռնկման հետեւանքով սկսված ճգնաժամի ունեցած արդեն նախնական ազդեցությունը ներկայացնելու համար դիտարկենք արդյունաբերության ոլորտի այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները։ Այստեղ հունվար ամսի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ եղել է 114.0 տոկոս, իսկ փետրվարին՝ 116.5 տոկոս։ Մարտին արդեն գրանցվել է էական անկում, 2019 թ. նույն ամսվա համեմատ այս տարվա ցուցանիշը կազմել է 98.1 տոկոս, որը նշանակում է, որ անկումը փետրվարի համեմատությամբ եղել է 35 տոկոս։

Հատկանշական է, որ չնայած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցված են, այնուամենայնիվ, հանրապետության արդյունաբերության աճի մեջ հիմնական դիրքերից մեկը զբաղեցնում է հանքարդյունաբերությունը։ Նախորդ տարվա հունվար—փետրվար ամիսների համեմատ պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 41.1, ցինկինը՝ 28.9 տոկոսով, իսկ ահա մոլիբդենի խտանյութի արտադրությունն ավելացել է 1.7 անգամ։ Ոչ մետաղական օգտակար հանածոներից ավազի, խճի եւ կավերի արդյունահանման ծավալներն աճել են 1.9 անգամ։

Դրական եւ խոստումնալից արդյունքներ էին գրանցվել նաեւ տնտեսության մի շարք այլ հեռանկարային ճյուղերում։ Օրինակ՝ թռչնամսի արտադրության ոլորտում արձանագրվել էր 26.1 տոկոս աճ, ձկան արտադրությունում՝ 51.9 տոկոս։ Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում տոմատի արտադրությունն ավելացել էր ռեկորդային ծավալով՝ 20.4 անգամ։ Ուշագրավ է, որ էական աճ էր արձանագրվել այնպիսի արտադրանքների տեսակներում, ինչպիսիք են ձիթապտղի պահածոների, չսառեցված տեսակների ճյուղերը, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 27.5 տոկոս, մրգերի եւ ընկույզների պահածոների արտադրությունում՝ 26.1 տոկոս։

Զգալի աճի ցուցանիշներ էին գրանցվել տեքստիլի եւ հագուստի արտադրության ոլորտներում։ Այս տարվա առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործվածքեղենի արտադրությունն ավելացել է 3.3 անգամ, իսկ կոշիկինը՝ 2.2 անգամ։

Արձանագրված ցուցանիշների մեջ կա նաեւ արտադրության անկման այնպիսի տվյալ, որն ավելի շուտ խոսում է դրական տենդենցների մասին, քան բացասականի։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում 34.7 տոկոսով անկում է գրանցվել տրամատված եզրով կամ սղոցամակերեւույթով սաղարթավոր տեսակների բնափայտի արտադրության ոլորտում։ Այս ցուցանիշը վերջին տարիներին ապօրինի ծառահատումների դեմ պետության վարած հետեւողական պայքարի արդյունք է։ Այն իրականացվեց ոչ միայն անտառապատ տարածքներում պահպանության ռեժիմի խստացման եւ հսկողություն իրականացնող կառույցների կարողությունների մեծացման շնորհիվ, այլեւ օրենսդրական փոփոխությունների, որոնց արդյունքում Հայաստանի սակավանտառ տարածքների կրճատման հաշվին իրականացվող փայտանյութի արտադրությունն էականորեն կրճատվեց։

Հրապարակված վիճակագրական ցուցանիշներից պարզ է դառնում, որ աճ է գրանցվել բոլոր մետաղական արտադրատեսակների մասով, օրինակ՝ պողպատից ձուլազանգվածների արտադրությունն աճել էր 55 տոկոսով։ Հիշատակման է արժանի այն փաստը, որ այս տարի ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն աճել էր 76.2 տոկոսով, իսկ բնական ալմաստների մշակման ծավալները՝ 2.1 անգամ։

Միանշանակ կարելի է պնդել, որ տնտեսության աճի նման ցուցանիշներով տարվա մեկնարկը էականորեն կնպաստի ճգնաժամի հետեւանքների մեղմմանը։ Մյուս կողմից էլ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ծրագրերի մի մասը նպատակաուղղված են բիզնեսի աջակցությանը եւ վերակազմավորման հնարավորությունների ստեղծմանը։ Բիզնեսի ճիշտ կազմակերպման դեպքում ճգնաժամի հետեւանքով առաջացած տնտեսական նոր բաց տարածքները եւ հեռանկարային ոլորտները զբաղեցնելու հնարավորություն կա, եւ այդ նպատակով մեր տնտեսավարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվում են։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ