Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Մի շարք հուշարձաններ կամրակայվեն, կնորոգվեն ու կվերականգնվեն  

Մի շարք հուշարձաններ կամրակայվեն, կնորոգվեն ու կվերականգնվեն

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ «Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև  մշակութային զբոսաշրջությանը խթանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

 Մասնավորապես` նախատեսվում է  Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Վայոց ձորի Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում, Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում, Արարատի մարզի Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,  Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար:

Կիրականացվի նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման ծրագիրը` համաֆինանսավորմամբ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնով և ՌՈՔԵՄՓ (ROCHEMP - Regional Office for Cultural Heritage Enhancement, Management and Protection) ծրագրով: 

Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք «Քայլող մարդը» քանդակի հետ կապված շահարկումներ չե՞ն լինելու:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Երևանի ավագանին հավանության էր արժանացրել այդ քանդակի պատրաստումը, որևէ շահարկում չի եղել: Նախագիծը հավանության է արժանացել դեռևս մի քանի տարի առաջ:    





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ