Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Հանրայնացվում են պատկերասրահի հավաքածուները․ հետեւորդների թիվը մեծանում է

Հանրայնացվում են պատկերասրահի հավաքածուները․ հետեւորդների թիվը մեծանում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի շրջանակներում հռչակավոր նկարիչների կյանքի ուշագրավ մանրամասներ, հանրամատչելի նյութեր ցուցանմուշների ստեղծման մասին, վիկտորինաներ, խաղեր, ֆոնդերի, հավաքածուների, հոբելյանական առիթով արխիվային լուսանկարների հանրայնացում եւ այս ամենը՝ առցանց հարթակում։

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը, ի տարբերություն էլեկտրոնային հարթակներում աշխատելու փորձ չունեցող թանգարանների, հանկարծակիի չբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին։ «Ֆեյսբուքյան» եւ այլ սոցիալական էջերին հետեւելիս տեսնում ենք, որ կարանտինային օրերին ՀԱՊ-ը վարպետորեն անցել է առցանց աշխատելու տարբերակին։ «Հայաստանի ազգային պատկերասրահը եկող տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը։ Այս առիթով յուրաքանչյուր օր տեղադրում ենք ՀԱՊ-ի շենքի հիմնադրման, ֆոնդերի, հավաքածուի, ինչպես նաեւ տարիների վաստակ ունեցող եւ ունեցած աշխատակիցների մասին համառոտ տեղեկատվություն, արխիվում պահվող լուսանկարների հրապարակում, ի դեպ, կան լուսանկարներ, որ առաջին անգամ են տեղադրվում։ Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են բերվել եւ ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին»,–այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը։

Առցանց աշխատելու հետաքրքիր ձեւաչափ է մշակել նաեւ պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը։ Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս բաժինը տարիների փորձ ունի, ինտերակտիվ էքսկուրսիաները միշտ մեծ արձագանք են ունեցել թանգարանում. «Առցանց տեղադրվում են նկարներ մեր հավաքածուից՝ բնորոշ հարցերով, ապա սկսվում է քննարկում, հարցուպատասխան։ Հեռավար տարբերակով կրթական ծրագրեր են իրականացվում, լինում են վիկտորինաներ, սա շատ ավելի հետաքրքիր է դարձնում՝ ե՛ւ էջի դիտումներն են ավելանում, ե՛ւ բնականաբար դրանից ելնելով հանրության հետաքրքրվածությունն է մեծանում թանգարանի նկատմամբ»։ Այս տարի, հասկանալի պատճառներով, տեղի չունեցան մշակութասերների ամենասիրելի միջոցառումները՝ կապված Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա հետ։ Առաջինի դեպքում օրը նշելու ձեւաչափը փոխվեց, եւ Ազգային պատկերասրահը Հայաստանի այլ թանգարանների հետ դրան մասնակցեց առցանց տարբերակով։

«Պատկերասրահը մայիսի 18-ի շրջանակներում ներկայացրեց մշտական հավաքածուի եւ ժամանակավոր ցուցահանդեսի (Դալի եւ Պիկասո) ցուցանմուշների պատմություն՝ ՀԱՊ էքսկուրսավարների եւ գիտաշխատողների կողմից, ունեցանք 2 ծրագրի ամփոփում՝ «Թանգարանային անկյուն» եւ «Աստղազարդ հեքիաթում»։ Թանգարանային անկյուն ասածը նամականիշների, մետաղադրամների, օրացույցների, թղթադրամների, գեղարվեստական արժեք ունեցող առարկաների հավաքածուներ են։ Մասնակիցները, ովքեր ունեին կամ զբաղվում են այսպիսի կոլեկցիաներով, կարող էին մասնակցել, եւ ստացվում է այս անգամ արդեն այցելուներն էին ցուցահանդես կազմակերպում։ «Աստղազարդ հեքիաթում»-ի խորագրին ընդառաջ ծրագիրն իրականացվում էր հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ։ Նրանք կարող էին արտահայտել իրենց մտքերը նկարչության եւ արվեստի միջոցով»,–նշեց ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։

Ա. Նիկողոսյանը նաեւ նշեց, ոչ զգալիորեն ավելացել է թանգարանի հետեւորդների թիվը. «Թեեւ, պետք է ասեմ, որ ՀԱՊ-ը իր սոցհարթակներում վաղուց հաստատված էր, առ այսօր շատ ակտիվ աշխատում են «Ֆեյսբուքի», «Ինստագրամի», «Յութուբի» եւ «Թվիթերի» էջերը, որոնց ավելանում է նաեւ պաշտոնական կայքէջը»։ Փաստում է՝ հանրության հետ օնլայն շփումը Հայաստանի ազգային պատկերասրահի համար նորություն չէր. «Առցանց աշխատելու օրերին ավելացել է էջերի հետեւողների թիվը, որը, վստահ եմ, դեռ էլի կավելանա»։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ