Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կիլյունենը ողջունել է ՍԴ  հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

Կիլյունենը ողջունել է ՍԴ  հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ 
իշխանությունների որոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից: 

 «Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, և սա շատ լավ նորություն է», - ասել է Կիլյունենը։

Նա նշել է՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի դադարեցումը և կառավարության՝ կարծիք հայցելու և հարցը խորհրդարան վերադարձնելու վերաբերյալ արված ընտրությունն առավել կարևոր է ` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այժմ ժամանակ կունենան արտացոլելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ մինչ հետագա գործողություններ ձեռնարկելը և հասարակությանը տեղեկացնելը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ կարդալու կարծիքը և տեսնելու, թե ինչպես է այն հաշվի առնվում: Այս որոշումը Եվրախորհրդի և  Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», - ավելացրել է նա:

Սահմանադական փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին: Սակայն հայտարարված արտակարգ դրութան պայմաններում այն չէր կարող կայանալ:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ