Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա․ առաջին եռամսյակ

Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա․ առաջին եռամսյակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։ Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

–Պարոն Վարդանյան, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը, արտակարգ դրություն սահմանելը։

–Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առաջին եռամսյակում արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ։ Բացասական փոփոխությունների մի մասը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մյուսը՝ մարտից ՀՀ-ում գործունեության որոշ տեսակների դադարեցումով։ Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104 տոկոս (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 106.5 տոկոս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով (2019 թ.՝ 106.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.5 տոկոսով (2019 թ.՝ 99.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), շինարարության ծավալը կազմել 90.6 տոկոս (2019 թ.՝ 110.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), առեւտրի շրջանառությունը՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 110.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 105.7 տոկոս (2019 թ.՝ 117.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս (2019 թ.՝ 86 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 109.2 տոկոս (2019 թ.՝ 104.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մյուս երկրներում համավարակի դեմ պայքարի ձեռնարկված միջոցառումները որոշակի ներգործություն են ունեցել ՀՀ արտաքին տնտեսական գործունեության վրա։ Առաջին եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 96 տոկոս (2019 թ.՝ 95 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), այդ թվում՝ արտահանում՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 91.4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ներմուծում՝ 93.8 տոկոս (2019 թ.՝ 96.9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշների մասով տեղի ունեցած փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել համավարակի ազդեցությամբ։ Այսպես, օրինակ, թեպետ բյուջեի եկամուտները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.1 տոկոսով (այդ թվում հարկեր՝ 16.5 տոկոսով), այնուամենայնիվ, բացասական միտումներ են դրսեւորվել ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի մասով, որոնք 2019 թ. համեմատ համապատասխանաբար կազմել են՝ 83.9 տոկոս, 78.8 տոկոս, 52.5 տոկոս եւ 86.4 տոկոս։ Այս միտումներն էական բացասական ազդեցություն կունենան 2-րդ կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։

Այսպիսով, առաջին եռամսյակում տնտեսության մեջ նկատված բացասական միտումներից են (2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ)՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, շինարարության ծավալի անկումը, ինչպես նաեւ որոշ ոլորտներում աճի տեմպերի նվազումը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարտ ամսին հատկապես շինարարության դադարեցումը կասկածահարույց կարող է համարվել. բաց տարածքում վարակի տարածման հավանականությունը սովորաբար փոքր է։

Առաջին եռամսյակի դրական միտումներից են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների, միջին ամսական անվանական աշխատավարձի աճը, արտաքին առեւտրաշրջանառության մակարդակի պահպանումը գրեթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին եւ դրա կառուցվածքի բարե—լավումը. 2019 թ. արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 542.8 մլն դոլար, 2020 թ.՝ 475.3, այսինքն՝ 12.5 տոկոսով բարելավվել է արտաքին առեւտրի հաշվեկշիռը։ Դրական միտումներ են նկատվել նաեւ այլ ոլորտներում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ տնտեսության վրա համավարակի ազդեցությունն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ նշանակալի չի եղել։ Այդ ազդեցությունն ամբողջապես կդրսեւորվի արդեն երկրորդ եռամսյակում, ինչի մասին վկայում են ապրիլ ամսվա ցուցանիշները։ Այսպես, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 95.3 տոկոս, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2019 թ. Հունվար-ապրիլի համեմատ, 2020 թ. նույն ժամանակահատվածում նվազել է 8.7 տոկոսով, այդ թվում՝ արտահանմանը՝ 4.8 տոկոսով, ներմուծմանը՝ 10.6 տոկոսով։

–Ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման համար։

–Կառավարության գործադրած ջանքերից որոշների արդյունքները (ուսանողների կրթաթոշակների, կումունալ վճարների եւ այլնի մասով) արդեն իսկ շոշափելի են շահառուների համար, իսկ տնտեսության մասով դրանց արդյունավետությունը կարող է գնահատվել երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում դրանք կարող են չապահովել սպասվելիք արդյունքներ, որովհետեւ մեր տնտեսությունը հիմնականում «դանդաղաշարժ» է, ոչ ինովացիոն եւ, հետեւաբար, արագորեն չի կարող արձագանքել առաքման գլոբալ շղթաների, համավարակով պայմանավորված, արմատական վերադասավորումների գործընթացներին։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական համապատասխան լուծումներին, այլեւ մարքեթինգային եւ այլ բնույթի խնդիրներին, ինչի համար կպահանջվի բավական ժամանակ։ Կանխատեսումներն այս պարագայում անտեղի են, իսկ տնտեսական կորուստները հնարավոր կլինի համեմատաբար բարձր ճշգրտությամբ հաշվարկել միայն պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։

–Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։

–Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը։ Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաեւ փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաեւ նորարարական դրամաշնորհնեըը, որոնք ցանկալի կլիներ ավելի ընդլայնել։ Բայց այստեղ մի խնդիր կա. այդ գործը չի կարելի թողնել առկա բիզնեսների նախաձեռնությանը, հարկ կլինի պետության ակտիվ միջամտությունը՝ հեռանկարային ուղղությունների, բիզնեսի նոր մոդելների զարգացման առումով։ Ընդ որում, առանց պետական—մասնավոր համագործակցության դա կլինի պակաս արդյունավետ։ Տնտեսության նոր հատվածների ձեւավորման տեսանկյունից՝ խոշոր բիզնեսի կամ խոշոր կապիտալի մասնակցությունն այլընտրանք չունի։ Ստեղծված բարդ իրադրության պայմաններում օտարերկրյա ներդրումները դեռ երկար ժամանակ սպասեցնել կտան իրենց։

Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ։ Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաեւ որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը։ Տնտեսության վրա սիներգիկ էֆեկտ կարող է ունենալ նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհի ամբողջ երկայնքով շինարարական աշխատանքների մեկնարկը։

Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթեւացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչեւ այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը։ Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին։ Մյուս կարեւոր խնդիրը, որը հարյուր–հազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից։ Սպառման շոկի կանխման տեսանկյունից՝ կարեւորվում է սոցիալական որոշ խմբերի (դպրոցի ուսուցիչներ, կենսաթոշակառուներ, նպաստառուներ եւ այլն) եկամուտների որոշակի բարձրացումը։

Գոհար Սարդարյան

«Հայաստանի Հաննրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]