1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միրզոյանը տուգանքի նվազեցումը կապում է այն լայնորեն կիրառելու կառավարության մտադրության հետ

Միրզոյանը տուգանքի նվազեցումը կապում է այն լայնորեն կիրառելու կառավարության 
մտադրության հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու համար տուգանքը նվազեցնելով՝ կառավարությունը կսկսի այն լայնորեն կիրառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկմանը: 

ԱԺ նախագահը նախ նկատեց՝ կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որ արտակարգ դրության ընթացքում ընդունված որոշումները, որոնք ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն, իրագործվեն: «Մի գործիքն էլ պատիժն է, սակայն համատարած հարյուր հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ: Եվ բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է տասը հազար դրամ: Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունը ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը: Նախկինում շատ դիպվածային էր: Մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է, չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել»,-ասաց նա ու նկատեց՝ դա սթափեցնող ազդեցություն կունենա: 

Միրզոյանի կարծիքով՝ մեկին խնդրելով, մեկին բացատրելով, մեկին համոզելով, մեկին տուգանելով, պետք է հասնեն նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին: 

Անդրադառնալով քննարկումներին, թե մարդիկ հնարամտությունների դիմելու, կանոնները խախտելու շատ հնարավորություններ ունեն՝ Միրզոյանը նկատեց՝ յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը: «Բայց՝ իմա՞ստը, այս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց: Սա կառվարությունն անում է, որ մարդկանց պաշտպանի»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց՝ իսկապես աշխարհում 100-տոկոսանոց պատասխան չկա` դիմակը օգնո՞ւմ է, թե՞ ոչ: «Առողջապահական գլոբալ կազմակերպությունները երկուշաբթի օրն ասում են, թե դիմակն օգնում է, երեքշաբթի օրերը ասում են` չէ, ոնց որ թե չի օգնում: Աշխարհում ոչ մեկ չգիտի, բայց փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք կրեք դա, ունեցեք մոտներդ»,-ասաց նա

Անդրադառնալով դիմակների գնին՝ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ  կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է հանրային բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք՝ գործող 100 հազարից 250 հազար դրամի փոխարեն: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]