Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի հանրությանը հուզող կարևոր դրվագներ

Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի 
հանրությանը հուզող կարևոր դրվագներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարևոր դրվագներ:«Արմենպրես»փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Նա գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝ Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը նաև կապված է Յուրի Խաչատուրովի չգալու հետ:

Հանձնաժողովը, սակայն, այլևս նամակ չի ուղարկելու Խաչատուրովին, Քոչարյանն ասաց՝ Խաչատուրովը գիտի, որ պետք է գա: «Իր մարտական ընկերները ևս, որոնք մասնակցել են հանձնաժողովի նիստին, ենթադրում եմ, որ գտնում են՝ ճիշտ կլիներ, որ Խաչատուրովն էլ մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին: Առավել ևս, որ նա, հարգարժան 5-րդ ալիքի կողմից պատրաստված ֆիլմում, անկաշկանդ պատմում է դրվագներ, նույն դրվագները գար, հանձնաժողովում պատմեր, որպեսզի, եթե հարցեր կային, տայինք: Իսկ ես կարծում եմ, որ այդ ֆիլմից հետո էլ մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջացել»,-ասաց նա:

Հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի հունիսի 4-ին: Քոչարյանը նշեց՝ հանձնաժողովը հատկապես վերջին մեկ ամսում կարևորագույն հանդիպումներ է կազմակերպել պետական  նախկին պաշտոնյաների հետ, նաև Զինված ուժերի գործող պաշտոնյաների հետ: «Ֆիզիկապես պետք է հասցնենք, որ որակյալ զեկույց ներկայացնենք ԱԺ-ին, հանրությանը, հանրապետության պատասխանատուներին: Պետք է ամռան մեկ-երկու ասմվա ընթացքում ի մի բերենք այդ ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի այսպիսի տեղեկատվություն, ինչքան գտնվում է ԱԺ-ի տարածքում՝ Ապրիլյան դեպքերին վերաբերվող»,-վստահեցրեց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահն այսօր ԱԱԾ-ից ստացել է Ապրիլյան պատերազմին վերաբերվող, հանձնաժողովին հետաքրքրող զեկույց: «Սեպտեմբերին մենք պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որը հուզում են բոլորին»,-վստահեցրեց Քոչարյանն ու հավելեց՝ ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն:

Անդրադառնալով հարցին, թե  կա՞ն արդյոք դրվագներ, որ հանձնաժողովը բացահայտել է, սակայն նախկին իշպանության ներկայացուցիչները խնդրել են գաղտնի պահել, Քոչարյանն ասաց՝ իրենց պետք չէ խնդրել, դա Պետական գաղտնիքի մասին օրենքը պարտադրում է:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]