Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մրցույթներ, ցուցահանդեսներ. մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է

Մրցույթներ, ցուցահանդեսներ. մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1978 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որը տոնվում է ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ 2020-ին այն կրում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագիրը:

Թանգարանները կազմակերպում են հետաքրքիր ցուցահանդեսներ, մրցույթներ, անգամ ներկայացումների պրեմիերաներ: Բոլոր նախաձեռնություններն այս տարի հարգելի պատճառներով տեղափոխվել են վիրտուալ հարթակ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է երևանյան մի քանի թանգարանի տոնական ծրագրերի շարքը:

Հովհաննես Թումանյանի թանգարանը մայիսի 18-ին կազմակերպելու է «Ակամա սրամտություն թանգարանում» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: «Այն շատ դրական է, թեթև, հասանելի բոլորին: Ֆիլմում նկարագրվում են աշխատանքի ընթացքում էքսկուրսավարների հետ պատահած զավեշտալի դեպքերը»,-պատմեց թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը:

Ցուցադրվելու է «Կողք կողքի. ճամփորդության հասցեն՝ թանգարան» տեսաֆիլմը, որը պատմում է «Ռոտոնդա» մանկապատանեկան-ներառական թատերախմբի մասին:  

Հարությունյանը տեղեկացրեց, որ մեկնարկելու է նաև «Տունը՝ թանգարան կամ տուն-թանգարան» մրցութային ծրագիրը, որի մանրամասները կներկայացվեն մայիսի 18-ին: Նախատեսվում է «Դու կարող ես…» թատերական ներկայացման առաջնախաղը:

«Գործարկվելու է նաև թանգարանի Museum Shop Armenia առցանց կրպակը, որից արվեստասերները կարող են գրքեր, հուշանվերներ գնել իրենց սիրելիների համար»,-եզրափակեց փոխտնօրենը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, անդրադառնալով թանգարանի տոնական ծրագրերին, նշեց, որ դրանք բազմազան են: «Այս օրերին երկու առցանց մրցույթ ենք անցկացնում՝ կրթական ծրագրերին վերաբերող և լուսանկարչական մրցույթ, որը կոչվում է «Աշխարհն իմ պատուհանից»: Հետևորդները մեզ ուղարկում էին լուսանկարներ՝ արված իրենց պատուհանից: Մի քանի տասնյակ լուսանկար ենք ստացել, որոնք հրապարակվել են «Ֆեյսբուք»-ի մեր էջում: Ամենաշատը հավանությունների արժանացած լուսանկարը դարձավ հաղթող, որի հեղինակը մրցանակը կստանա այն ժամանակ, երբ թանգարանը գործի, բայց բոլոր աշխատանքներն առցանց ցուցահանդեսով ներկայացվելու են մայիսի 18-ին: Ցուցահանդեսը կուղեկցվի Արամ Խաչատրյանի երաժշտությամբ»,-շեշտեց տնօրենը:

«Թանգարանն իմ կյանքում» առցանց ցուցահանդեսի շրջանակում աշխատակիցները գրառումներով կընդգծեն թանգարանի կարևորությունն ու դերը: Ցուցադրվելու է Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմերից մեկը և իրականացվելու է «Երաժշտական թերապիա» նախագիծը, որը հիմնված է դասական երաժշտության վրա՝ ոչ միայն խաչատրյանական: Այն նվիրված կլինի «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» թեմային:

Գրիգորյանը հավելեց, որ մարտի կեսերից ակտիվ աշխատանք են ծավալում օնլայն հարթակում, իրականացնում են տարբեր ծրագրեր, իսկ հատուկ օրերին նախաձեռնությունները թեմատիկ բնույթ են կրում: Ամեն օր տարբեր ուղղվածությամբ մոտ 25 նախագիծ են հրապարակումներով ներկայացնում, և արդյունքում թանգարանի հետևորդների թիվը ավելացել է 3000-ով:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, ներկայացնելով ծրագրերը, ասաց, որ ամփոփվելու են «Փախուստ թանգարանից» անիմացիոն ստեղծագործական և «Covid 19. խաղիկ-տաղիկ» մրցույթների արդյունքները: «Փախուստ թանգարանից» մրցույթին մասնակցած երեխաները փոքրիկ անիմացիոն հոլովակներ են պատրաստել: Շատ հետաքրքիր է. հոլովակներից մեկում թանգարանի ցուցանմուշները զարմանում են, որ մենակ են մնացել՝ առանց այցելուների և փորձում են փախչել թանգարանից, իսկ «Covid 19. խաղիկ-տաղիկ» մրցույթի շրջանակում թանգարանի աշխատակիցները կորոնավիրուսին վերաբերող հումորային խաղեր են պատրաստել ու թանգարանի հետևորդներին առաջարկել են շարունակել այդ խաղերը: Հետևորդների ուղարկած և ամենաշատ հավանության արժանացած խաղերը հրապարակվելու են թանգարանի էջում»,-նշեց Խորենյանը:

Տուն-թանգարանը հանդես է գալու նաև «Բրալյան գրեր» ծրագրով, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակիցները կստանան բրալյան այբուբենով գրված իրենց անունը, որն այնուհետև կարող են տեղադրել իրենց անձնական էջում՝ համապատասխան հղումով: Այն բոլորին հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպես են բրալյան գրերից օգտվում տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ: «Տեսողության խնդիրներ ունեցող մի տղա մեզ հետ համագործակցում է: Նա պատրաստել է «Սաադիի վերջին գարունը» աուդիոգիրքը, որը շատ գեղեցիկ աշխատանք է, և այն հրապարակելու ենք «Ֆեյսբուք»-ի մեր էջում»,-ասաց տնօրենն ու հավելեց, որ իրականացնելու են նաև «Հանուն ապագայի արվեստի» համերգը, որի ընթացքում Նելլի Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ երեխաներ կատարելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ տուն-թանգարան հաճախ այցելող ուսանողներն ընթերցելու են Իսահակյանի գործերը:

Խոսելով վիրտուալ գործունեության արդյունավետության մասին՝ Անժելա Խորենյանը շեշտեց, որ տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի հետևորդների թիվն ավելացել է 2000-ով:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ շեշտեց, որ մայիսի 18-ին առավոտյան 11:00-ից մինչև երեկոյան 20:00-ն մեկժամյա ընդհատումներով տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեսանյութեր են հրապարակելու: Աշխատակիցները պարբերաբար ներկայացնելու են հետաքրքիր պատմություն որևէ ցուցանմուշի մասին և շնորհավորելու են իրենց գործընկերներին:

Ըստ Օթարյանի՝ տուն-թանգարանի ծրագրերը նախատեսված են բոլոր տարիքի մարդկանց համար: «Մեկուսացման պայմաններում մարդկանց այլ բան չի մնում, քան ակտիվ լինել վիրտուալ իրականությունում և օգտվել նաև թանգարանների ընձեռած հնարավորություններից: Հավանաբար, պատճառներից մեկը նաև դա է, որ Սպենդիարյանի տուն-թանգարանի համացանցային դիտումներն ամեն օր գերազանցում են 80 հազարը: Եթե մենք այսօր վիրտուալ տիրույթում ձեռք ենք բերում այցելուներ, բնականոն կյանքին անցնելու դեպքում նրանց գոնե 50 տոկոսը ակամայից դառնում է իրական այցելու»,-ընդգծեց Մարինե Օթարյանը:

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]