Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել «Dolla» երգը

Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել «Dolla» երգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, որը եվրատեսիլյան «Chains On You» երգով կարճ ժամանակամիջոցում նվաճեց հայ երաժշտասերների սրտերը, ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է «Dolla»

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ից երգը հասանելի է YouTube, Spotify, iTunes և այլ սոցիալական հարթակներում: 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի:

«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը և ոչ թե ունեցվածքը»,-իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, երգեր է հեղինակել, երգ գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և շահել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլիոնավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի:  2012 թվականին թողարկվել է երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դարձել է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

Աթենան 2018-ին որպես հրավիրյալ արտիստուհի հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

2020 թվականին հաղթել է հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած «Chains On You» երգով մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի  պատճառով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ