Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Թատրոնի առանձնահատկությունը դերասանի և հանդիսատեսի կենդանի շփումն է. Արման Նավասարդյան

Թատրոնի առանձնահատկությունը դերասանի և հանդիսատեսի կենդանի շփումն է. 
Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը մեկուսացման շրջանում հանդիսատեսի հետ կապը չկորցնելու նպատակով հանդես է գալիս առցանց նախաձեռնություններով: Համազգային թատրոնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում պարբերաբար հրապարակվում է «Առականի» ծրագիրը, շուտով ներկայացվելու է նաև Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» ստեղծագործության մի քանի հատվածի հիման վրա նկարահանված նախագիծ, որում նույնպես զբաղված են թատրոնի դերասանները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ ստեղծված իրավիճակն իսկապես բարդ է, և գործունյա մարդու համար անշարժ լինելն իրապես սթրես է: «Մենք  մեկուսացման առաջին իսկ օրերից սկսեցինք «Առականի» ծրագիրը, որի շրջանակում թատրոնի դերասաններն առակներ են կարդում, պատմում, իսկ այժմ նկարահանում ենք «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» ստեղծագործության մի քանի հատված, վիպաշար ենք ստեղծում: Շատ հետաքրքիր գործ է ստացվում: Մասսայական նկարահանումներ չեն լինում: Գրեթե մեկուսացված վիճակում ենք կազմակերպում աշխատանքը, դերասաններից յուրաքանչյուրն ինքն իրեն է նկարում, հետո նյութերը մոնտաժվում են ու շուտով մատուցվելու են արվեստասերներին»,-պատմեց թատրոնի տնօրենը:

Անդրադառնալով թատրոնի առաջիկա աշխատանքին՝ նա շեշտեց, որ նախ և առաջ պետք է դերասանների մասնակցությամբ փորձեր կազմակերպել. նրանք պետք է լավ «մարզավիճակում» լինեն: Անհրաժեշտ է անդրադառնալ ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր ներկայացումներին:

Ըստ Նավասարդյանի՝ հանդիսատեսի հետ հանդիպման մասին դեռ վաղ է խոսել:

Խոսելով ուղիղ հեռարձակմամբ հնարավոր առաջնախաղերի մասին՝ Արման Նավասարդյանն ասաց, որ այդ հարցի շուրջ նույնպես մտածել են, բայց թատրոնի առաքելությունը դերասանի և հանդիսատեսի կենդանի շփումն է: «Եթե թատերասերը դահլիճում չէ, իսկ ներկայացումը հեռարձակվում է առցանց, դա կարող է լինել հեռուստաթատրոն, կինո­թատրոն, ֆիլմ կամ այլ բան, բայց ոչ թատրոն: Թատրոնի կարևոր նպատակը կենդանի շփումն է հանդիսատեսի հետ, որ նա տեսնի, թե ինչպես է դերասանն այդ պահին հուզվում, ինչպես է արցունքը գոյանում, ինչպես է դերասանը շնչում: Հանդիսատեսը պետք է զգա դեկորացիաների հոտը և այլն, և այլն»,- ընդգծեց թատրոնի տնօրենն ու խոստովանեց, որ ճարահատյալ կարող են նման քայլի դիմել, բայց դա հարցի լուծում չէ: «Շատ եմ կարոտել բեմը»,-եզրափակեց Արման Նավասարդյանը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]press.am
settings Էջի կարգավորումներ