Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի են միրզոյանական փառատոնի տասը լավագույն մասնակիցների անունները

Հայտնի են միրզոյանական փառատոնի տասը լավագույն մասնակիցների անունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ-փառատոնի տասը լավագույն մասնակցի ստեղծագործություններից պատրաստված տեսանյութը կցուցադրվի Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լավագույններն են Ալեքսանդր Տոնիկյանը, Արաքս Աշճյանը, Արիանա Վարդանյանը, Արմեն Գևորգյանը, Գրիգորի Բալասանյանը, Էդգար Մխիթարյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Ռուբեն Ավագյանը, Սարգիս Առաքելյանը, Սյուզաննա Աղամալյանը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ բազմաթիվ հայտեր են ստացել: «Մենք ընտրել ենք տասը մասնակցի, որոնց ձայնագրությունները մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, աղցանց ներկայացնելու ենք երեք հարթակում»,-նշեց Սաթյանը:

Նրա խոսքով՝ դիմել են երեխաներ տարբեր երկրներից: «Կարծում եմ՝ այս մրցույթը շատ հեռանկարային է և կարող է միջազգային դառնալ, քանի որ այսպիսի մրցույթները շատ քիչ են: Այս անգամ փառատոն ենք իրականացնում, ոչ թե մրցույթ, և բոլոր մասնակիցները պետք է պատվոգրեր ստանան»,-ընդգծեց Սաթյանն ու հավելեց, որ ամենաշնորհալի մասնակիցները հիմնականում դառնում են կոնսերվատորիայի ուսանողներ:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ վեց տարի շարունակ մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:

Իր ձևաչափով միակը համարվող այս նախաձեռնության շրջանակում մինչև 18 տարեկան պատանի ստեղծագործողները, բաժանվելով երկու տարիքային խմբերի, ներկայացնում են իրենց ստեղծագործությունները:

Ելնելով ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի առկայությունից և ազատ տեղաշարժվելու սահմանափակումներից՝ այս տարի մրցույթի ձևաչափը փոփոխվել է՝ դառնալով առցանց մրցույթ-փառատոն, միրզոյանական տոն` բացառելով երեխաների մոտ լրացուցիչ ընկճվածության առաջացումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]