Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համաշխարհային ավիացիոն ոլորտի ճգնաժամը և հեռանկարները

Համաշխարհային ավիացիոն ոլորտի ճգնաժամը և հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինքնաթիռը շահույթ է բերում միայն այն դեպքում, երբ գտնվում է երկնքում, հակառակ դեպքում` այն միայն վնասներ է հասցնում ավիափոխադրողին: Համաճարակի հետևանքով խիստ կրճատված, գործնականում կանգ առած ուղևորափոխադրումների պայմաններում այս սկզբունքն առավել ակներև է դարձել: COVID-19 համաճարակը և դրան հետևանքով մի շարք երկրներում սահմանված խիստ կարանտինային միջոցառումները հանգեցրեցին ցամաքային և օդային սահմանների փակման, ինչն էլ իր հերթին բերեց ուղևորափոխադրումների ծավալների աննախադեպ կրճատման:

Boston Consulting Group ընկերության վերջին հետազոտության համաձայն՝ ավիաընկերություններն ամբողջ աշխարհում շահագործումից հանել են ինքնաթիռների գրեթե կեսը՝ ավելի քան 17 հազար: Ընդ որում, ավիաուղիները նախկինի պես ստիպված են միջոցներ ծախսել դրանց սպասարկման, կայանման և աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:

Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI), համավարակից առաջ հաշվարկել էր, որ 2020թ. ամբողջ աշխարհում ուղևորահոսքը կհասնի 9,5 միլիարդ ուղևորի, սակայն այժմ ակնկալում է, որ տարվա արդյունքներով ուղևորափոխադրումների ծավալները կնվազի 3,6 միլիարդ ուղևորով: Սա կհանգեցնի ավելի քան 76 միլիարդ դոլարի կորստի, ինչը կազմում է 2020թ. համար նախատեսված եկամտի գրեթե կեսը:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտնել է, որ միջազգային ավիափոխադրումներն աշխարհում կրճատվել են 52,9 տոկոսով: Դա պատմության ընթացքում ամենամեծ անկումն է: IATA-ի տվյալներով՝ տարածաշրջանային կտրվածքով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում այդ ցուցանիշն ընկել է 59,9 տոկոսով, Եվրոպայում՝ 51,8 տոկոսով, Աֆրիկայում՝ շուրջ 50 տոկոսով, Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքի երկրներում՝ շուրջ 45, իսկ Լատինական Ամերիկայում՝ 39 տոկոսով:

Մարտի սկզբին IATA-ն կանխատեսել էր, որ 2020թ. ավիափոխադրողները կարող են 63-ից 113 միլիարդ դոլարի վնաս կրել ավիափոխադրումների պահանջարկի անկման պատճառով: Մարտի վերջին IATA-ն հայտնեց արդեն 252 միլիարդ դոլարի հնարավոր կորստի մասին:

Չվերթների չեղարկման և ավիաթռիչքների պահանջարկի կտրուկ անկման պատճառով մի շարք ավիաընկերություններ արդեն սնանկացել են կամ գտնվում են դրա եզրին: Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն անկախ ավիաընկերություններից մեկը՝ բրիտանական Flybe-ն իրեն սնանկ է հայտարարել` չնայած նրան, որ Բրիտանիայի իշխանությունների կողմից առաջարկվել էր «փրկության ծրագիր», որը ենթադրում էր մի քանի տասնյակ միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն: Flybe-ի սնանկացման պատճառով ավելի քան 2 հազար մարդ կորցրել է աշխատանքը:

Սնանկ է ճանաչվել նաև ավստրալական Virgin ավիաընկերությունը: Ընկերությունը սնանկացման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Virgin Group կոնգլոմերատի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը բաց նամակով դիմել է աշխատակիցներին, որում հայտնել է, որ Virgin Atlantic և Virgin Australia աշխատանքը շարունակելու համար նրանց անհրաժեշտ է բրիտանական և ավստրալական իշխանությունների աջակցությունը: Նրա խոսքով՝ կոնգլոմերատը 500 մլն ֆունտ ստերլինգով առևտրային վարկերի և պետական երաշխիքների փաթեթ է խնդրել՝ ընթացիկ ծախսերը վճարելու համար:

Norwegian ավիաընկերության՝ Շվեդիայում և Դանիայում գործող չորս դուստր ձեռնարկությունները ևս հայտարարել են սնանկության մասին: Դրա հետևանքով աշխատանքից զրկվել է մոտ 4.7 հազար օդաչու և անձնակազմի անդամ:

Մի շարք խոշոր ավիափոխադրողներ չեն սնանկացել, սակայն հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ծախսերը կրճատելու նպատակով ավիաընկերությունները ստիպված են անձնակազմին հարկադիր, այդ թվում՝ չվճարվող արձակուրդ ուղարկել, բանկերի հետ պայմանավորվել վարկերի վերակազմավորման մասին և ապավինել պետությունների օգնությանը:

British Airways-ը կիսով չափ կրճատել է թռիչքային անձնակազմի ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձերը և երկշաբաթյա չվճարվող արձակուրդի ուղարկել 4,5 հազար օդաչուների: Ամերիկյան Delta ավիաընկեությունը հարկադիր հանգստի է ուղարկել 13 հազար, գերմանական Lufthansa-ն՝ 31 հազար աշխատակցի:  Lufthansa-ն օրական 24 միլիոն եվրոյի կորուստ է կրում: Մինչև ճգնաժամը ավիաընկերության պահուստները կազմում էին շուրջ 4 միլիարդ եվրո: Այսինքն Lufthansa-ն կարող է դիմանալ ճգնաժամին առավելագույնը կես տարի:

Իսրայելական El Al ավիաընկերության աշխատակիցների 95 տոկոսը չեն աշխատում. Շուրջ հազար հոգի զրկվել է աշխատանքից, իսկ մնացած 5 հազարին ղեկավարությունն ուղարկել է չվարձատրվող արձակուրդի: Ավելի վաղ ընկերությանը չէր հաջողվել ստանալ 350 միլիոն դոլարի չափ պետական վարկ:

Wizz Air-ը հայտարարել է իր աշխատակիցների մոտ 20 տոկոսի՝ հազար հոգու կրճատման մասին: Բացի այդ, Wizz Air-ը պատրաստվում է կրճատել օդաչուների, բորտուղեկցորդների և գրասենյակային անձնակազմի աշխատավարձը 14, իսկ թոփ-մենեջերներինը՝ 22 տոկոսով:

Ճգնաժամը չի շրջանցել նաև ԵԱՏՄ երկրները: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը մոտ երկու անգամ կրճատել է թոփ-մենեջմենթի աշխատավարձերը: Վնուկովոյի տնօրենների խորհրդի նախագահ Վիտալի Վանցևը նշել է, որ օդանավակայանը կորցրել է ուղևորահոսքի շուրջ 95 տոկոսը, իսկ չվերթների քանակը նվազել է 90 տոկոսով: Ռուսական Aeroflot-ում հայտարարել են ղեկավարության աշխատավարձերի «կամավոր կրճատման» մասին:  ՌԴ քաղավիացիայի ոլորտի կորուստները, ըստ փորձագետների հաշվարկների, կկազմեն մոտ 3,5 միլիարդ դոլար: Ղազախստանի ավիանկերությունները ևս կորցրել են եկամուտների 97 տոկոսը:

Օդանավակայանների միջազգային խորհուրդի (ACI) տնտեսական վերլուծության համաձայն՝ համաշխարհային ուղևորափոխադրումների ծավալը կարող է վերականգնվել միայն 2021թ. վերջին: ACI-ն նաև զգուշացնում է, որ միջազգային ուղևորափոխադրումների վերականգնումը կարող է ավելի երկար տևել, քան ներքին փոխադրումներինը:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) վարչության խորհրդի 36 երկրների ներկայացուցիչներ քաղավիացիայի թռիչքների վերականգնման ուղղությամբ աշխատող հատուկ խումբ են ստեղծել, որի աշխատանքի առաջին արդյունքները կհրապարակվեն մայիսի վերջին: Խումբը պետք է անհրաժեշտ քայլեր սահմանի, որոնք ICAO-ն խորհուրդ կտա անդամ պետություններին և ավիափոխադրողներին ճգնաժամից աստիճանաբար դուրս գալու համար:

Այսպիսով, ավիաընկերությունների գլխավոր խնդիրներն են անձնակազմի աշխատավարձը և կայանման համար վճարը, և միայն այդ խնդիրների պատճառով ավիաընկերություններն արդեն իսկ միլիարդավոր դոլարների վնասներ են կրել: Բացի այդ,  կայանման տեղերի հետ կապված կա նաև տեխնիկական խնդիր. սովորական պայմաններում տեղի էր ունենում ռոտացիա՝ ինքնաթիռների մի մասը գտնվում էր երկնքում, մյուս մասը տեխիկական ստուգում և սպասարկում էր անցնում, և համեմատաբար փոքր մասն էր մնում կայանված:

Սահմանափակումների վերացումից հետո «ողջ» մնացած ավիաընկերությունները դեռևս տևական ժամանակ շարունակելու են վնասներ կրել, ինչը մի մասի դեպքում կբերի նոր սնանկացումների, մյուսների դեպքում՝ ծանր բեռ կդառնա պետական բյուջեի համար: Թռիչքների վերսկսումից հետո ավիաընկերությունները որոշ ժամանակ զբաղվելու են ազատված հաստիքների համալրումով: Հաշվի առնելով սնանկ ավիափոխադրողների քանակը և ուղևորահոսքի կրճատումը` կարելի է ենթադրել, որ մասնագիտական անձնակազմի շրջանում կառաջանա մրցակցություն, ինչը կբերի աշխատավարձի անկման: Մրցակցությունը կսրվի նաև ավիափոխադրողների միջև: Չի բացառվում, որ ուղևորներին գրավելու համար ավիաընկերությունները գնան դեմպինգի, ինչը կհանգեցնի նոր սնանկացումների:

Վլադիմիր Մարտիրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]