Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

COVID-19. տարբեր երկրներ մեղմացնում են սահմանափակումները

COVID-19. տարբեր երկրներ մեղմացնում են սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները որոշ երկրներ սկսել էին մեղմացնել դեռ ապրիլ ամսից։ Սահմանափակումների թուլացումը դիտարկելով որպես տնտեսական անհրաժեշտություն՝ երկրներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ պետք է «սովորել» ապրել նոր պայմաններում: Հատկանշական է, որ շատ երկրներում սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ արտակարգ դրության ռեժիմը շարունակում է պահպանվել կամ երկարաձգվել։

Սահմանափակումների աստիճանական թեթևացմամբ տնտեսությունների նկատմամբ ճնշումը թուլացնելու ծրագրով են առաջնորդվում եվրոպական երկրները` միաժամանակ նշելով, որ բիզնեսի բնականոն գործունեության վերականգնման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Օրինակ, Իտալիայում արդեն գործում է մշակող արդյունաբերությունը, մայիսի 18-ից կաշխատեն մանրածախ խանութները, թանգարանները, հունիսի 1-ից՝ ռեստորաններն ու բարերը, միգուցե նաև գեղեցկության սրահները, իսկ ահա դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբեր։ Իսպանիայում սահմանափակումների թեթևացումը մեկնարկել էր մայիսի 2-ից` թույլատրվել էր երեխաների զբոսանքը, որոշ բիզնեսների աշխատանքը, ռեստորանների ու բարերի սահմանափակ գործունեությունը, սակայն, այս մեղմացումներին զուգահեռ, մայիսի 6-ին որոշում է կայացվել երկու շաբաթով երկարաձգել մայիսի 9-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը։ Գերմանիայում սահմանափակումները սկսել էին աստիճանաբար հանվել դեռ ապրիլի 20-ից` բացվել են փոքր խանութները, գեղեցկության սրահները, հիմնական դպրոցները։ Երկրում պահպանվում է արտակարգ դրությունը, սակայն քննարկվում է սահմանափակումների հետագա թուլացման ընթացքը: Նախատեսվում է, որ օգոստոսի 31-ից կթույլատրվեն լայնամասշտաբ միջոցառումները՝ ֆուտբոլային խաղերը, համերգները, փառատոնները։ Ֆրանսիայում սահմանափակումների աստիճանական թեթևացման մեկնարկը տրվել է մայիսի 11-ին (թույլատրվել է տեղաշարժի ազատությունը 100 կմ շառավղով, բակային զբաղմունքները, մասնակիորեն վերսկսել է տրանսպորտի աշխատանքը, մայիսի 12-ից գործելու է հիմնական դպրոցների 80-85%-ը, թույլատրվելու է որոշ բիզնեսների աշխատանքը), դրան զուգահեռ, երկրի խորհրդարանը մայիսի 10-ին օրինագիծ է ընդունել Արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու մասին։ Միացյալ Թագավորությունում սահմանափակումների թուլացման «Ջոնսոնի պլանը» երկրի վարչապետը ներկայացրել է մայիսի 10-ին՝ նշելով, որ կարանտինը երկրում կպահպանվի մինչև հունիսի 1-ը, իսկ սահմանափակումների մեղմացումը կիրականացվի երեք փուլով։ Մայիսի 13-ից աշխատանքի գնալ կթույլատրվի նրանց, ովքեր չեն կարող աշխատել տանից, կբացվեն սպորտային հրապարակները, դպրոցներն ու որոշ խանութներ աստիճանաբար կբացվեն հունիսից։ Սահմանափակումները փուլային կերպով թեթևացնում են նաև Շվեյցարիան, Ավստրիան, Նիդերլանդները, Բելգիան, Պորտուգալիան, Հունաստանը և այլ եվրոպական երկրներ։ Չնայած շատ արգելքներ եվրոպական երկրներում հանվում են, սակայն միաժամանակ նշվում է, որ որոշ սահմանափակումներ կպահպանվեն շաբաթներ, անգամ ամիսներ։

Սահմանափակումները երեք փուլով չեղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո երկրի տարբեր նահանգներ ապրիլ ամսից սկսել են աստիճանաբար հանել որոշ արգելքներ՝ թույլատրելով առանձին ոլորտների աշխատանքը՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Չինաստանում նույնպես փորձում են վերադառնալ «բնականոն կյանքի»՝ երկրի տարբեր շրջաններում աստիճանաբար հրաժեշտ տալով սահմանափակումներին։ Ռուսաստանի Դաշնությունում դեռևս չի մեկնարկել սահմանափակումների թուլացման գործընթացը, սակայն, ինչպես հայտարարվել է, արդեն մայիսի 12-ին կմեկնարկի սահմանափակումների փուլ առ փուլ մեղմացումը։ Այն տեղի է ունենալու ըստ շրջանների, և յուրաքանչյուր շրջանի ղեկավարությունն ինքն է որոշելու՝ ինչ սկզբունքով թեթևացնել սահմանափակումները։

Սահմանափակումների թուլացման գործընթացը շարունակվում է նաև հարևան Վրաստանում և Իրանում։ Վրաստանում մեկնարկած հակաճգնաժամային պլանի շրջանակներում երկրի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 11-ից մուտքի և ելքի համար բացել մայրաքաղաք Թբիլիսին, մայիսի 14-ից՝ Ռուստավի և Գարդաբանի քաղաքները, աստիճանաբար կբացվեն նաև որոշ խանութներ, իսկ հուլիսի 1-ից արդեն երկիրը բաց կլինի զբոսաշրջիկների համար։ Դեռևս արգելված է հասարակական տրանսպորտի գործունեությունը և պահպանվում է պարետային ժամը։ Սահմանափակումների թուլացմանը զուգահեռ մինչև մայիսի 22-ը երկրում շարունակվելու է պահպանվել արտակարգ դրությունը։ Արդեն իսկ հանված սահմանափակումների հետ միասին, մայիսի 4-ից Իրանի 132 շրջաններում բացվել են նաև մզկիթները։

Ամփոփելով նշենք, որ չնայած կորոնավիրուսի տարածման տեմպերին՝ երկրները չեն կարող անվերջ պահպանել սահմանափակումներն ու արգելքները, և այժմ աշխարհը թևակոխում է մի շրջան, երբ քաղաքացիների սոցիալական պատասխանատվության գիտակցումն ու նրանց կողմից անվտանգության կանոնների պահպանումը միայն կարող են կանխել վիրուսի հետագա տարածումը։

 

Իզաբել Շատոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]