Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Լեռնային Ղարաբաղի ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական. La Verità

Լեռնային Ղարաբաղի ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և 
անվտանգության գրավական. La Verità

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Լա Վերիտա» օրաթերթում լույս է տեսել Իգնացիո Մանգրանոյի հեղինակած «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական» վերտառությամբ հոդվածը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ․

«Մեկ ամիս էլ դեռ չի անցել Լեռնային Ղարաբաղի (պատմական և պաշտոնական անվանումը՝ Արցախ) նախագահական և խորհրդարանական ընտրություններից, որոնց անցկացումը հերթական անգամ ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա պետականության կայացման ընտրած ուղին։ Արցախի Հանրապետության թվով 6-րդ նախագահական և 7-րդ խորհրդարանական այդ ընտրություններին մասնակցեցին նախագահի 14 թեկնածու և 10 քաղաքական կուսակցություն, ինչը վկայեց ընտրությունների ժողովրդավար և մրցակցային բնույթի մասին։ Երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, ով նախկինում եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

1991 թվականին ինքնորոշման իր իրավունքի իրացումից հետո ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման տեսակետից Արցախում արձանագրվել են շոշափելի ձեռքբերումներ։ Տարիներ շարունակ այստեղ մշտապես գործել է իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունքը, ինչի արդյունքում երբևէ չի արձանագրվել իշխանության ուզուրպացիա մեկ անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից, ինչը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի հարևան Ադրբեջանի մասին։ Այս առումով ցանկացած գործընթաց, որն իր բնույթով ժողովրդավարական է, նաև մեծ ներդրում է տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել հակամարտության, երբ, ՄԱԿ կանոնադրության և ԽՍՀՄ սահմանադրության համաձայն, մոտ 80% հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն ձեռք բերեց անկախություն: Հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի խախտումը, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձ արեցին բռնի ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Կարևոր է ընդգծել, որ ԼՂ հակամարտությունն ամենևին տարածքային պահանջների մասին չէ, այլ այնտեղ ապրող մարդկանց էքզիստենցիալ անվտանգության խնդիր է։ Խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչն էլ հենց Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգության ապահովման երաշխիքն է, անվտանգության, որը հնարավոր է ապահովել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով։  Ընտրությունների արդյունքում ձևավորված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներն էին, ովքեր 1994 և 1995 թվականներին ստորագրեցին եռակողմ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունները, և ովքեր 90-ականներին մասնակցում էին բանակցություններին։ Այնինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ գտնվել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի օրինական իշխանությունների հետ։ Այդ իսկ պատճառով ներկայումս Հայաստանը՝ որպես Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավոր, բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։

Շուրջ երեք տասնամյակ Արցախում անցկացվող ընտրությունները վկայում են, որ Արցախի հասարակությունն իրապես ընթանում է ժողովրդավարության անշրջելի ուղիով, ինչը մեծ ներդրում է տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման ճանապարհին»։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ