Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաղթանակն Արցախի ժողովուրդը եւ համայն հայությունն ամրապնդել են էական ձեռքբերումներով

Հաղթանակն Արցախի ժողովուրդը եւ համայն հայությունն ամրապնդել են էական 
ձեռքբերումներով

Մայիսյան Եռատոնի առթիվ «ՀՀ»-ն զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

–Ո՞րն է Արցախյան ազատամարտի հաղթանակի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ։

–Արցախյան ազատամարտի հաղթանակը հայ ազգի լինել—չլինելու հարցի լուծումն էր, եւ այդ հաղթանակի պատմական նշանակությունը մինչ այսօր, իմ կարծիքով, ըստ արժանվույն չի գնահատված։ Եթե վերցնենք հայ ազգի միայն 20—րդ դարի պատմությունը, կարծում եմ, բոլորիս համար պետք է պարզ լինի, որ այն, ինչ մենք անվանում ենք Արցախյան ազատամարտ, իրականում հայության ազատամարտն է։ Այդ հաղթանակը, հիրավի, պատկանում է համայն հայությանը։

–Ո՞րն էր մեր հաղթանակի գրավականը։

–Արցախյան ազատամարտում մենք հաղթել ենք շնորհիվ ընտրյալների եւ նվիրյալների։ Այդ ընտրյալները եւ նվիրյալները ճիշտ այնքան էին, որքան անհրաժեշտ էին մեր հաղթանակի համար։ Այն ժամանակ խնդիրն այն չէր, թե որ կողմն էր ավելի լավ զինված կամ թե ով էր օգտվում միջազգային հանրության տարբեր օղակներից։ Իրականությունն այն էր, որ հայ ժողովուրդը, ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, տվել է նվիրյալներ ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ մարտի դաշտից դուրս։ Այսօր էլ ունենք ճիշտ այնքան նվիրյալներ ու ընտրյալներ, որոնք անհրաժեշտ են այսօրվա եւ ապագայի հաղթանակների համար։

–Ի՞նչ է արվել Արցախյան ազատամարտի հաղթանակը Արցախի Հանրապետության կայացմամբ ամրապնդելու եւ միջազգային հանրության կողմից ճանաչելի դարձնելու համար։

–Արցախի Հանրապետությունը հենց առաջին տարիներից, 90—ականների սկզբից կայացրել եւ զարգացրել է պետականությանը ներհատուկ բոլոր ինստիտուտները։ Այն համակարգը, որը մենք այսօր ունենք Արցախի Հանրապետությունում, թույլ է տալիս ապահովել բնակչության ինչպես ներքին կանոնակարգված կենսագործունեությունը, այնպես էլ կարողանում է պաշտպանել երկիրն արտաքին վտանգներից ու թշնամիներից։ Ինչ վերաբերում է Արցախի ավելի լայն ճանաչելիությանը, ապա նշեմ, որ Արցախի Հանրապետությունում անցկացվում են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ, հանդիպումներ, որոնց մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ սկսած Միացյալ Նահանգներից ու եվրոպական գրեթե բոլոր երկրներից, նաեւ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներ, ովքեր այցելելով Արցախ աշխարհ, տեսնում են, որ մեր երկրորդ հանրապետությունը ոչ միայն ունակ պետություն է եւ կարողանում է պաշտպանվել, այլեւ ունի զարգացման բարձր մակարդակ՝ լինի դա Ստեփանակերտում, թե նրա ամբողջ տարածքում։ Արցախցիներն ուղղակի զարմացնում են միջազգային հանրության ներկայացուցիչներին։

Բավական է ասել, որ Արցախի Հանրապետությունն իր ամբողջական քաղաքականության, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, շնորհիվ այդպիսի զարգացման Միացյալ Նահանգներից տարիներ շարունակ ստանում է նյութական օգնություն։ Բացի այդ, պետք է նաեւ արձանագրենք այն, ինչ տեղի է ունենում արցախյան հիմնահարցի բանակցությունների ժամանկ։ Պետք է նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահները հավասարապես այցելում եւ շփվում են Արցախի ներկայացուցիչների, ընտրված իշխանությունների հետ, ճիշտ այնպիսի ձեւաչափով եւ օրակարգով, որով նրանք հանդիպում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Պետք է հստակեցնել, որ երկրի ճանաչումը տեղի է ունենում ոչ միայն բանակցությունների շնորհիվ, այլեւ բազմաթիվ այն մշակութային միջոցառումների, որոնք տեղի են ունենում Արցախում եւ այնպիսի միջազգային ֆորմատներում, որտեղ մասնակցում են Արցախի ներկայացուցիչները, լինեն դրանք դերասաններ, նկարիչներ, երգիչներ՝ բոլոր տարիքի։ Կարող ենք թվարկել մի շարք այլ միջոցառումներ։ Կցանկանայի նշել, որը շատ կարեւոր է, որ ոչ միայն նման արտաքին ձեւաչափերում ակտիվ լինեինք կամ մայրաքաղաքի տեսքը լիներ զարմացնող, այլեւ այն շատ պարզ արտահայտված պետական զարգացումը եւ հետեւողական քաղաքականությունը, որի արդյունքում ամբողջ օրենսդրությունը, պետության գործողություններն ու կյանքը համապատասխանեցվեին միջազգային իրավունքի նորմերին եւ, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքին։

–Ի՞նչ ենք արել եւ ի՞նչ ձեռքբերումներ ունենք Արցախում ազատամարտի հաղթանակից ի վեր։

–Երկու ձեռքբերում է, որ ունեցել ենք Արցախում 1988—ից հետո, այն բազմաճյուղ եւ բազմաբնույթ ինտեգրումն է Հայաստանի հետ։ Առաջին, այն արվել է տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական համակարգում։ Օրենսդրության դաշտն է, որը բավականին նմանություն ունի, լինի Արցախի օրենսդրությունը, թե Հայաստանի Հանրապետությանը՝ ճիշտ այնքան տարբերություններով, ինչքան որ պահանջվում է։ Սա եղել է հենց առաջին օրվանից։ Ես իմ այս խոսքն ուղղում եմ նրանց, ովքեր հայտարարում եւ պահանջում են մեր երկու հանրապետության դե յուրե միացում, ես կարծում եմ, կներեք, դա քաղաքական արկածախնդրություն է, քանի որ մենք այստեղ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Եթե ինձ հարցնեն, ապա ինտեգրումը պետք է տեղի ունենա Արցախի տարածքի բնակեցմամբ՝ լիովին օրինական ձեւով, բոլոր այն տարածքների վրա, որոնք ժամանակին խլվել էին Արցախից, իսկ Ադրբեջանի հրահրած կոնֆլիկտի ժամանակ վերադարձվել են եւ վերամիավորվել են Արցախին։ Այս ուղղությամբ էլ գործողություններն սկսվել են բավական վաղ շրջանում։ Գտնում եմ, որ այստեղ ամենամեծ շեշտը պետք է դրվի ինտեգրման, այն է՝ բնակեցման վրա, այն տարածքներում, որոնք ոչ միայն Արցախի սահմանադրությամբ, այլեւ օրենքով ու իրավունքով պատկանում են Արցախին։

Երկրորդ՝ Արցախն ունի ներկայացուցիչներ միջազգային հարաբերությունների կարեւոր սուբյեկտներ հանդիսացող երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ—ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ կառույցներում։ Այսինքն, այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում։ Այն, որ ԱՄՆ բոլոր նահանգները պահանջել են երկրի իշխանություններից ճանաչել Արցախը, Արցախի Հանրապետության եւ մեր պանծալի սփյուռքի, այս դեպքում՝ ԱՄՆ—ի մեր հայրենակիցների միասնական քրտնաջան աշխատանքն է։ Սա առաջնային եմ համարում եւ կրկնում եմ, եթե այսօրվանից Արցախի նոր իշխանությունները նորից զարկ չտան բնակեցմանը, ապա միացման վերաբերյալ խոսակցությունները սպեկուլյացիա են։

Միացումը պետք է տեղի ունենա ամբողջական ինտեգրման ձեւով, որից հետո մենք պահը գտնենք քաղաքական առումով որոշման կայացման, երբ որ այն կլինի միակ լուծումը ոչ միայն մեզ համար, այլեւ նրանց համար, որոնք մասամբ կանգնած են մեր կողքին, մասամբ դեռ կասկածում են։ Այստեղ պետք է նշեմ մեկ այլ կարեւոր փաստ՝ ընտրություններում, որոնք օրենքով սահմանված ժամկետներում, միջազգային նորմերին համաձայն տեղի են ունենում, ընտրվում է հանրապետության ղեկավարություն, որի հետ հաշվի են նստում Մինսկի խմբի համանախագահները։ Սա եւս լումա է, որը ներդնում են Արցախի ժողովուրդը եւ իր ընտրած ղեկավարությունը՝ երկիրը ճանաչելի դարձնելու համար։

Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]