1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդին միավորում է հաղթանակի և խաղաղության խորհրդի շուրջ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդին միավորում է հաղթանակի և խաղաղության 
խորհրդի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին ծրագրված են միջոցառումներ, որոնք, սակայն, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, չեն կրի զանգվածային բնույթ: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ պատերազմի վետերաններին, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության և սխրանքի դասեր տալիս: Մայիսի 9-ի առավոտից միջոցառումներ տեղի կունենան Երևանի Հաղթանակի զբոսայգում, Ստեփանակերտում ու Շուշիում: Նախատեսված է օդային չքերթ՝ ՀՀ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:

Արցախում ոչ մասշտաբային միջոցառումներով նշում են Շուշիի ազատագրումն ու պատմական հաղթանակները

Հաղթանակի տոնիԱրցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Արցախի բարձրաստիճան այրերն այցելելու են Ստեփանակերտի հուշահամալիր, ապա նաև՝ Շուշի։ Շուշիում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակներ կզետեղվեն։

Արցախ է այցելելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նաև հայերը կերտեցին Հայրենականի հաղթանակը

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

«Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույնը

Ուղիղ 28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Բանակը՝ անվտանգության երաշխավոր

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թմայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]