Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Պատերազմով անցած ակորդեոն ու նվեր Անգլիայի թագուհուց․ «Մայր Հայաստան» թանգարանի հարստությունը

Պատերազմով անցած ակորդեոն ու նվեր Անգլիայի թագուհուց․ «Մայր Հայաստան» 
թանգարանի հարստությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդաչուներ Աղազարյան եղբայրներին Անգլիայի թագուհու նվերը՝ ոսկե բռնակով սուրը, Մոնթե Մելքոնյանի զրահաշապիկը, Ջիվան Աբրահամյանի ատրճանակը, ԽՍՀՄ հերոսների մեդալներ, շքանշաններ. ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում պահվող այս և այլ ցուցանմուշները սովորաբար մայիսի 9-ին ընդառաջ վերադասավորվում են, վերաթարմացվում՝ պատրաստվելով Հաղթանակի օրվան: Օր, երբ միշտ թանգարանն ու հարակից համալիրը լեփ-լեցուն են լինում այցելուներով: Այս տարի, սակայն, տարբեր է լինելու: Մարդկությանը պատուհասած համավարակը փոխեց շատերի, այդ թվում՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, որքա՞ն ցուցանմուշներ են պահվում ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում: Պատմական ի՞նչ ժամանակաշրջաններ են ընդգրկված:

– «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ‎‎‎հավաքածուներում կան շուրջ 30 հազար ցուցանմուշներ, որոնցից ցուցադրվում է մոտ 10 հազարը: Գործում են երեք բաժիններ, որոնք նվիրված են 1918-1920 թթ. ՀՀ Զինված ուժերին,  Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը և Արցախյան ազատագրական պատերազմին: Թանգարանում պահվող հավաքածուներն ընդգրկում են ամենատարբեր ցուցանմուշներ, որոնք բոլորը պարբերաբար թարմացվում են:

«Լուսանկարներ» հավաքածուում պահվում են հայ հայդուկների, Խորհրդային Միության հայազգի մարշալների, գեներալների, հերոսների, Փառքի շքանշանի լրիվ ասպետների, հայկական վեց դիվիզիաներում ռազմական գործողությունների մասնակիցների, ՀՀ Ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ Զինված ուժերի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ու զորատեսակների, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցների անհատական և խմբային լուսանկարները, ալբոմները:

«Փաստաթղթեր» հավաքածուն առանձնանում է Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից զորահրամանատարների ու ռազմիկների գործունեությունն արտացոլող հրամանագրերով, շնորհակալագրերով, ռազմաճակատային նամակներով, պարգևատրման վկայականներով, զինվորական և շքանշանային գրքույկներով, պատվոգրերով, թռուցիկներով, հրամաններով, բնութագրերով, մարտական ուղիներով:

Ռազմական թեմաներով կատարված գեղանկարները, Խորհրդային Միության հայազգի մարշալների, գեներալների, հերոսների և ՀՀ Ազգային հերոսների յուղաներկ դիմանկարները պահվում են «Կերպարվեստ» հավաքածուում: Դրանք ներկայացված են թանգարանի պատկերասրահում: Պահպանվում են նաև կոմպոզիցիոն քանդակներ, կիսանդրիներ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Պարգևներ» հավաքածուն, որտեղ պահվում են Խորհրդային Միության հայազգի մարշալների, հերոսների, պետական, գերատեսչական և հասարակական կազմակերպությունների շքանշանները, մեդալները, կրծքանշանները, հուշամեդալները, ՀՀ և ԼՂՀ պետական ու գերատեսչական շքանշանները, մեդալները։

«Իրեր» հավաքածուն առանձնանում է Խորհրդային Միության հայազգի մարշալների, գեներալների, հերոսների աշխատասենյակի կահույքով, համազգեստներով, քաղաքացիական հագուստով, ՀՀ Ազգային հերոսների ռազմաճակատային հագուստով, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պատերազմի ռազմադաշտերում օգտագործված անձնական իրերով՝ ծխախոտատուփեր, ժամացույցներ, կողմնացույցներ, բժշկական գործիքներ, սպայական պայուսակներ, ՀՀ Զինված ուժերի դաշտային համազգեստներ և այլն։

Ինչ վերաբերում է «Զինատեսակներ» հավաքածուին, ապա այստեղ պահվում են Առաջին համաշխարհային պատերազմի, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակաշրջաններին վերաբերող զինատեսակներ: Թանգարանին են պատկանում նաև հարակից տարածքում ցուցադրվող հետևակի թրթուրավոր զրահամեքենան, ԲՏՌ-152 զրահամեքենան, Տ-34 տանկը, ՄԻԳ-15 ինքնաթիռը, ԲՄ-13 կատյուշան, որոնք մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին: Հետագայում այս զինատեսակներին ավելացել են 76-մմ զենիթային հրանոթը, Ս-75 զենիթա-հրթիռային համալիրը, որը պատերազմի ժամանակ կործանել է թշնամու երկու ինքնաթիռ:

Բավական հանգամանալից ներկայացրիք: Ասացեք, խնդրեմ, հիմնական ցուցադրությունում ի՞նչ ցուցանմուշներ են ներկայացված և այս տարի կլինե՞ն նոր ցուցանմուշներ:

– «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանն ի սկզբանե նվիրված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը, որի մասին են պատմում առաջին հարկի ցուցադրությունները: Այստեղ ներկայացված են հայկական վեց դիվիզիաների՝ աչքի ընկած մարտիկների գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են Խորհրդային միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) և հայ գեներալների գործունեությունը: Ինչպես նշեցինք, պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում անմահացված են Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի լրիվ ասպետների, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների կամ անհայտ կորածների անունները:

Ավելի ուշ թանգարանի երկրորդ հարկում բացվել են Արցախյան ազատագրական պատերազմին և ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահները՝ ներկայացնելով ՀՀ ազգային հերոսներին և Արցախի հերոսներին, ՀՀ Զինված ուժերի զորատեսակները, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման տրամանկարը (դիորամա)։

Բացի հիմնական ցուցադրություններից՝ թանգարանում լինում են նաև ժամանակավոր ցուցադրություններ: Այս տարի ևս կշարունակվի 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորներին նվիրված ցուցադրությունը, որի մեջ իր ուրույն տեղն ունի Բագրատ Ալեքսանյանի մանկության տարիների լուսանկարը` զինվորական համազգեստով, անմար կրակի մոտ կանգնած: Արցախյան ազատամարտին նվիրված ցուցադրության հետաքրքրական իրերից են նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված մասնակից Մերուժան Ստեփանյանի «երազանքի տնակը», որի մանրակերտը պատրաստել էր իր իսկ ձեռքով: Ցավոք, իրականություն չդարձավ Մերուժան Ստեփանյանի երազանքը, ով իր նշանածի հետ որոշել էր, որ ամուսնանալուց հետո իրենց տունը պետք է ունենար այդ տնակի տեսքը: Մեկ այլ ցուցանմուշ է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված մասնակից Հայկ Թորոյանի աշխատասենյակի պատի ժամացույցը, որը, ինչպես պատմել է նրա հայրը, ինքնիրեն կանգ է առել հենց Հայկի զոհվելու պահին:

Անդրադառնանք համալրումներին: Ի՞նչ եղանակներով են սովորաբար թանգարանի ցուցանմուշները համալրվում:

– Ժամանակ առ ժամանակ տարբեր անհատներ սեփական նախաձեռնությամբ այցելում են թանգարան՝ կատարելով նվիրատվություններ վերոհիշյալ ոլորտներին վերաբերող առարկաների տեսքով: Նրանց կողմից տրվող բացատրությունները, նվիրաբերված առարկաների մասին պատմություններն արձանագրվում են, որոնք հետագա ցուցադրությունների ժամանակ ներկայացվում են այցելուներին: Ցուցանմուշների համալրումները կատարվում են համապատասխան գրավոր ակտերով՝ ընդունված ընթացակարգով: Այդ պահից սկսած թանգարանին նվիրաբերված առարկաներն այլևս համարվում են հայ ժողովրդի սեփականությունը:

Վերջին շրջանում ի՞նչ տիպի համալրումներ են եղել և այդ ցուցանմուշներից որո՞նք կառանձնացնեք:

– Թանգարանի հավաքածուները պարբերաբար համալրվում են նոր նմուշներով ինչպես պատմական լուսանկարների ու արխիվային փաստաթղթերի, այնպես էլ նշանակալի հետագիծ ունեցած իրերի տեսքով: Վերջին տարիների ուշագրավ համալրումներից հիշատակենք մի քանիսը:  Խորհրդային ավիացիայի համակարգում 30 տարի աշխատած, ապա Արցախյան ազատամարտի ժամանակ կապավորի աշխատանքը պատվով կատարած Սերյոժա Աթարբեկյանի (ծնվ. 1939 թ.) փաստաթղթերի մեջ աչքի են ընկնում պատերազմի տարիներին նրա կազմած մատյանները: Վերջինիս ստեղծած կոդերի՝ գաղտնագրերի համակարգն անգիր պետք է իմանային նրա հետ կապի դուրս եկող բոլոր կապավորները:

Մեզ ոչ այդքան հայտնի Աղազարյանների ընտանիքին պատկանած լուսանկարների, փաստաթղթերի, գրքերի, մեդալների կողքին առանձնանում է պատվո զարդանախշ սուրը, որի վրա անգլերեն մակագրված է՝ «Նվիրվում է նվիրյալներին»: Մեծ Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին այն նվիրել էր Աղազարյանների ընտանիքի չորս անդամներին` 3 եղբայրներին և քրոջը, որոնք Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են Անգլիայի բանակի կազմում՝ աչքի ընկնելով իրենց անձնվիրությամբ:

Հայկական 89-րդ Թամանյան մոտոհրաձգային դիվիզիայի կազմում Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին մարտական սխրալից ճանապարհ անցած Նիկոլայ (Կոլյա) Շահսուվարյանի (ծնվ. 1921 թ.) փաստաթղթերի ու բանաստեղծությունների կողքին նշանավոր են հատկապես Հայրենական Մեծ պատերազմի տարիների նրա օրագրերը, որտեղ ամենայն մանրամասնությամբ նշված են պատերազմի սկզբից մինչև վերջին օրերի իրադարձությունները: Կարևորելով մարտական օրագրերի աղբյուրագիտական բացառիկ արժեքը՝ մոտ ժամանակներս նպատակ ունենք այն հրատարակել, որը նոր լույս կսփռի Հայրենական Մեծ պատերազմի պատմության՝ մինչ օրս անհայտ էջերի վրա: Հիշատակելի է նաև թանգարանում պահվող գերմանական «Hohner» ընկերության արտադրության ակորդեոնը, որը Նիկոլայ Շահսուվարյանը պատերազմի օրերին գտել էր մի գերմանացու լքված տնից: Ակորդեոնն այդ պահից ի վեր, անգամ պատերազմի դաժան մարտերի ժամանակ, մշտապես ուղեկցել է Նիկոլայ Շահսուվարյանին, որով նա 1945 թ. մայիսի 9-ին հենց Բեռլինում՝ Ռայխստագի պատի տակ, նվագել է հայկական «Քոչարի» ավանդական պարեղանակը՝ նշելու գերմանացի ֆաշիստների դեմ տարած պանծալի հաղթանակը:

 – Պարոն Խաչատրյան, համավարակով պայմանավորված այս անգամ Հաղթանակի օրը թանգարանը չի առանձնանա մեծաթիվ այցելուներով, սակայն վստահաբար այդ բացը կլրացվի հետագայում: Ասացեք, խնդրեմ, սովորաբար ովքե՞ր են թանգարանի այցելուները և տարեկան միջինը որքա՞ն այցելու եք ունենում:

– «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը ԱՊՀ անդամ-մասնակից պետությունների մեջ միակ զինվորական և պետական թանգարանն է, որի մուտքը և զբոսավարների կողմից կազմակերպվող բացատրական շրջայցերը անվճար են: Մեզ մոտ տարեկան այցելում են ոչ միայն հայաստանաբնակները, այդ թվում՝ բազմաթիվ դպրոցականներ ու զինծառայողներ, այլև մեծ է հոսքը հատկապես արտերկրից՝ սփյուռքահայ և օտարերկյա զբոսաշրջիկների տեսքով, որոնք հոծ խմբերով շրջում են թանգարանի ցուցասրահներով՝ զմայլվելով հայ ժողովրդի հերոսական զավակների կերտած հաղթանակների պատմությամբ: Վերջին տվյալներով 2019 թ. միջին հաշվով թանգարանն ունեցել է մոտ 84 հազար այցելու Հայաստանից և արտասահմանի ամենատարբեր երկրներից:

Աննա Գզիրյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ