Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեր մարզը զբոսաշրջության զարգացման շատ մեծ ներուժ ունի․ Արարատի մարզպետի հարցազրույցը՝ ՀՀ-ին

Մեր մարզը զբոսաշրջության զարգացման շատ մեծ ներուժ ունի․ Արարատի մարզպետի 
հարցազրույցը՝ ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզում այս օրերին կատարվող աշխատանքների եւ, առհասարակ, մարզի զարգացման առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրույց է ունեցել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։

-Արարատի մարզի բնակիչները հիմնականում զբաղված են գյուղատնտեսությամբ։ Որքանո՞վ է ստացվել կատարել աշխատանքների գարնանային մասը՝ նկատի ունենալով մարդկանց տեղաշարժի սահմանափակումները՝ կապված համավարակի տարածման հետ։

-Ինչպես գիտեք, պարետի որոշմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված մեր քաղաքացիների մասով տեղաշարժի սահմանափակումներ չկային, միայն պետք էր, որ իրենց մոտ պատշաճ լրացրած ունենային տեղաշարժման թերթիկը։ Ուստի՝ գարնանային նախապատրաստական եւ գյուղատնտեսական աշխատանքները որեւէ կերպ չեն տուժել, քանի որ թույլատրված է եղել նաեւ թունաքիմիկատների եւ պարարտանյութերի խանութների աշխատանքը։ Բացի այդ, գյուղատնտեսական աշխատանքի ժամանակ մարդկանց՝ միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելու խնդիր էլ չկա, քանի որ աշխատանքը հիմնականում դրսում է՝ բաց երկնքի տակ, չհաշված՝ ջերմոցային տնտեսությունները։

-Այս իրավիճակում առաջին պլան է մղվում սննդի անվտանգության խնդիրը երկրում։ Մարզը որքանո՞վ կկարողանա իր լուման ներդնել այդ գործում։

-Այն հանգամանքը, որ փակվեցին պետական սահմանները եւ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները չկարողացան լքել Հայաստանը եւ մնացին այստեղ, մի կողմից իր հետ լուրջ սոցիալական խնդիր է առաջացրել, մյուս կողմից էլ, բոլոր նրանք, ովքեր սեփականաշնորհված հողակտորներ ունեն, որոնք տարիներ շարունակ անմշակ էին մնացել, այժմ նրանց կողմից մշակվում է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ մեղմվում է թե՛ պարենային անվտանգության եւ թե մեր քաղաքացիների զբաղվածության խնդիրը։ Եվ ես գտնում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Արարատյան դաշտը պատրաստ է իր վրա վերցնել երկրին կերակրելու այս պատասխանատու հանձնառությունը։

-Պրն Սարգսյան, ընդհանուր առմամբ՝ ի՞նչ վիճակ է տնտեսության մեջ, եւ զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ կան։

-Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, բնականաբար, մարզում տնտեսական ակտիվությունը բավականին նվազել է։ Այնուամենայնիվ, մեզ հուսադրում է այն փաստը, որ հայրենի կառավարությունը ժամանակին եւ օպերատիվ քայլեր է ձեռնարկել՝ կորոնավիրուսի բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման եւ ծրագրերի համաֆինանսավորման մի քանի միջոցառումների շրջանակներում։ Հավատացած եմ, եթե այս ծրագրերի շահառուների կողմից նպատակային օգտագործվեն տրամադրված միջոցները, ապա մենք այս ճգնաժամից դուրս կգանք նվազագույն կորուստներով։

-Ո՞ր ոլորտներին եք նախապատվություն տալիս՝ որպես մարզի հետագա զարգացման առաջնահերթություն։

-Արարատի մարզը ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական մարզ է։ Դրանով պայմանավորված, մենք մեր մարզի տնտեսական գերակա ուղղություններից ենք համարում ինտենսիվ այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունները, անասնապահությունը, ֆերմերային տնտեսությունները, վերամշակող արդյունաբերությունը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը։

-Զբոսաշրջության զարգացման ինչպիսի՞ ներուժ ունի մարզը։

-Ինչքան էլ որ զարմանալի կարող է թվալ, բայց ես հավաստիացնում եմ, որ մեր մարզը զբոսաշրջության զարգացման շատ մեծ ներուժ ունի։ Ցավոք, ավանդաբար բոլոր զբոսաշրջիկները գալիս են մեր մարզ՝ Խոր Վիրապ վանական համալիրը տեսնելու եւ սահմանափակվում են միայն այդքանով։ Հուրախություն մեզ բոլորիս, այս պահին նախագծման աշխատանքներ են կատարվում Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի մասով, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկն ամենայն հավանականությամբ կտրվի արդեն ամռանը։ Սա նույնպես խթան կհանդիսանա մեր մարզում զբոսաշրջության աշխուժացման համար, քանի որ Կոտայքի մարզը Արարատի մարզին կապող շատ կարեւոր ճանապարհ։

-Ո՞րն է մարզի զբոսաշրջային գրավչությունը։

-Մարզում բացի Խոր Վիրապի վանական համալիրից ունենք նաեւ մի շարք պատմական հուշարձաններ եւ տեսարժան վայրեր, որոնց գրագետ մատուցման պարագայում մենք զբոսաշրջիկների պակաս չենք ունենա։ Դրանցից են Դվին եւ Արտաշատ մայրաքաղաքները, Գետազատի բուրգը, Տափի բերդը, Սուրբ Կարապետ վանքը, Խոսրովի արգելոցը, իսկ ամենատեսարժանը, բոլորդ էլ ինձ հետ համակարծիք կլինեք, մեր մարզից բացվող գեղեցիկ տեսարանն է դեպի բիբլիական Արարատ լեռը, որը մագնիսի պես իրեն է ձգում թե՛ աշխարհասփյուռ հայությանը եւ թե՛ զբոսաշրջիկներին։

-Հավանաբար, այն փաստը, որ Արարատի մարզը գտնվում է մայրաքաղաքի հարեւանությամբ, բացասաբար է անդրադառնում հյուրանոցային բիզնեսի զարգացման վրա. զբոսաշրջիկները գերադասում են գիշերել Երեւանում։ Ի՞նչ եք պլանավորում անել՝ այս իրավիճակում դրական փոփոխություններ գրանցելու համար։

-Այո, Դուք ճիշտ նկատեցիք, Արարատի մարզը՝ մայրաքաղաքին մոտ գտնվելով, ունի իր թե՛ բացասական եւ թե՛ դրական կողմերը։ Բացասականն այն է, որ մեր մարզում հյուրանոցային համալիրներ չկան, եւ բիզնեսի այդ ճյուղը մեզ մոտ զարգացած չէ։ Մյուս կողմից, աշխարհում այսօր նկատվում է հետեւյալ տենդենցը, որ սկսել են խուսափել մարդկանց բարձր խտություն ունեցող քաղաքներում հյուրանոցներ կառուցել եւ դրանք տեղափոխում են քաղաքների արվարձաններ՝ այդպիսով խուսափելով մի շարք անհարմարություններից։ Այս առումով մենք շահեկան դիրքում ենք, եւ արդեն մի քանի նախագծեր կան հյուրանոցաշինության, որոնք այս պահին քննարկման փուլում են գտնվում։ Եթե խանգարող հանգամանքներ չլինեն եւ ֆորս մաժոր չունենանք, ապա այդ ծրագրերը անպայման կյանքի կկոչվեն։

-Պրն մարզպետ, խնդրում եմ ներկայացնել Խոսրովի անտառի պահպանման հետ կապված վիճակը։ Ինչպիսի՞ դժվարություններ կան, եւ ո՞րն է գերխնդիրը՝ սոսկ պահպանել անտառը, թե՞ նաեւ այլ ծրագրեր կան։

-Խոսրովի արգելոցը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում։ Կապ չունի՝ դրա պահպանման անմիջական գործառույթը որ լիազոր մարմինն է իրականացնում, այսօր մարզպետարանը եւ Խոսրովի արգելոցի շրջակա համայնքները դրսեւորում են բարձր հոգատարություն, քանի որ անտառի էկոհամակարգը շատ փխրուն է, եւ մեկ անփույթ քայլը կարող է անդառնալի հետեւանքների բերել։ Այդպես եղավ 2017 թ. անտառային մեծ հրդեհի ժամանակ, բայց բոլորիս համատեղ ուժերի գերլարումով եւ վրա հասած օգնության շնորհիվ հնարավոր եղավ կրակի դեմն առնել եւ փրկել պետական արգելոցը։ Այսօր դանդաղ, բայց հաստատուն ընթացքով անտառը վերականգնվում է եւ դեռ տասնամյակներ կպահանջվեն։ Մեզ միայն մնում է սրտացավ վերաբերմունք ցուցաբերել արգելոցի նկատմամբ եւ տարբեր ծրագրերի, դրամաշնորհային միջոցների ճիշտ ուղղորդմամբ ավելի անվտանգ դարձնել անտառի սահմանները՝ չթույլատրված ներթափանցումներից։

-Ի՞նչ կավելացնեք ասվածին։

-Առաջին հերթին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ մեր մարզի անցուդարձով պարբերաբար հետաքրքրվելու եւ մեր նախաձեռնություններն ու ծրագրերը լուսաբանելու համար։ Մեր քաղաքացիներին էլ քաջ առողջություն եմ մաղթում, որպեսզի կարողանանք օր առաջ հաղթահարել բոլորիս պատուհասած այս համավարակը։

Հարցազրույցը՝ Իշխան Քիշմիրյանի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]