Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Հայաստանը միջազգային ինդեքսներում

Հայաստանը միջազգային ինդեքսներում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ միջազգային կառույցներ սկսել են ամփոփել մի շարք ոլորտներում 2019թ.-ին տարբեր երկրների գրանցած արդյունքները՝ վեր հանելով նկատվող հիմնական միտումները և դասակարգելով նրանց՝ ըստ տարբեր չափորոշիչների:

2020թ. հունվարից արդեն իսկ հրապարակվել են մի շարք հեղինակավոր զեկույցներ, որոնցում  անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին՝ հիմնականում դրական շեշտադրումներ կատարելով։ Ըստ հրապարակված զեկույցների՝ 2019թ. ընթացքում Հայաստանին հաջողվել է դրական տեղաշարժ գրանցել ժողովրդավարության, տնտեսական և քաղաքական ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում։

Ժողովրդավարության ոլորտ

Գնահատելով 2019թ.-ը՝ միջազգային մի շարք զեկույցներ ողջ աշխարհում արձանագրել են ժողովրդավարության ընդհանուր հետընթաց և ավտոկրատիայի աճ։ Այս ֆոնին, սակայն, Հայաստանն առանձնանում է ժողովրդավարության ոլորտում իր գրանցած առաջընթացով։ Մասնավորապես, Economist Intelligence Unit«Ժողովրդավարության ինդեքս 2019թ.» զեկույցի համաձայն՝ «Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում». 2019թ. արդյունքներով Հայաստանը 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը։

Մեկ այլ՝ Freedom House-ի հրապարակած «Անցումային երկրներ 2020» զեկույցում նշված է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության ընթացքում երբևէ գրանցված ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զեկույցը նշում է, որ Հայաստանի զգալի առաջընթաց է գրանցել հատկապես ազատ և արդար ընտրությունների անցակացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրներից մեկն է։

Քաղաքական և տնտեսական ազատությունների ոլորտ

Միջազգային կառույցները բարձր են գնահատում քաղաքական և տնտեսական ազատությունների ապահովման ոլորտում  Հայաստանի արձանագրած առաջընթացը։ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։  Զեկույցում ընդգծվում է, որ «2018թ. մեկնարկած Հայաստանի քաղաքական ազատականացումը  2019թ.-ին դրական ազդեցություն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի վրա»: 

Ամերիկյան «Heritage Foundation»-ն իր հերթին գնահատել է Հայաստանի տնտեսական ազատության աստիճանը։ Հիմնադրամի ամենամյա «Տնտեսական ազատության» ինդեքսի համաձայն՝ Հայաստանը ստացել է 70.6 միավոր և նախորդ 47-րդ հորիզոնականից բարձրացել է 34-րդ հորիզոնական՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների շարք։ Հատկանշական է, որ Հայաստանի հետ միասին հիմնականում ազատ երկրների շարքում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեդիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և այլն:

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտ

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գրանցած դրական արդյունքները ևս արձանագրվել են միջազգային կառույցների կողմից։ Օրինակ, «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019թ.» զեկույցում նշված է, որ «2018թ. հեղափոխությունից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից զարգացումներ է գրանցել հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների հարցում»: Հայաստանն իր ցուցանիշները բարելավել է  28 հորիզոնականով` 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։

 Ամփոփելով նշենք, որ Հայաստանը 2019թ. զգալի արդյունքներ է գրանցել ժողովրդավարության, տնտեսական և քաղաքական ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչը արձանագրում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները: Նման գնահատականները նպաստում են  Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը և դրական իմիջի ամրապնդմանը` հաստատելով, որ երկիրը շարժվում է ճիշտ ճանապարհով:

 

Իզաբել Շատոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ