Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայերի մասնակցությունը Կուրսկի ճակատամարտին

Հայերի մասնակցությունը Կուրսկի ճակատամարտին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայիս ՌԴ Բելգորոդի մարզի Պրոխորովյան դաշտավայրը եւ շրջակա տարածքներն առատորեն ողողված են հայերի արյունով։

1943 թ. հուլիսի 5-ից օգոստոսի 23-ը այստեղ՝ Կուրսկի ճակատամարտին իրենց մասնակցությունը բերեցին բազմաթիվ հայեր։ Դրան մասնակցեց 76-րդ հայկական լեռնաձգային (հետագայում՝ 51-րդ) գվարդիական դիվիզիան։ Կուրսկի ճակատամարտի Օրյոլի հատվածում ֆաշիստագերմանական զորքերին կործանիչ հարված հասցրեց գեներալ Հ. Բաղրամյանի ղեկավարած 11-րդ գվարդիական բանակը։

Պետք է նշել, որ դեռեւս 1942 թ. ամռանը՝ Կարմիր բանակի նահանջի ժամանակ, գեներալ Բաղրամյանը, լինելով հարավարեւելյան ուղղության շտաբի պետը, նույն այս տեղում կազմակերպել էր ինքնապաշտպանությունը։ Հենց այս ուղղության վրա 1942 թ. գործել է նաեւ գեներալ Մ. Պարսեղովի 40-րդ բանակը։ Վերջինս, մի քանի անգամ դիմելով Ստալինին, խնդրել էր թույլատրել իրեն անցնել հակահարվածի, սակայն ռազմաճակատի հրամանատար Գոլիկովը դեմ էր արտահայտվել նման գործողությանը։ Թշնամին, հավաքելով մեծաթիվ զորքեր, անցել էր հարձակման։ Այստեղ գործել է Ստալինգրադ շտապող գեներալ Պաուլյուսի 6-րդ բանակը, որը Ստարի Օսկոլ քաղաքի մոտ բոլոր կողմերից շրջապատեց Պարսեղովի բանակը։ Բանակի 12 դիվիզիայի մարտիկներն արիաբար կռվելով զոհվեցին։ Գեներալ Պարսեղովին հաջողվեց դուրս պրծնել շրջապատումից։ Ստալինը, դեռեւս սովետա-ֆիննական պատերազմից անձամբ ճանաչելով խորհրդային միության հերոս, գենեալ-լեյտենանտ Մ. Պարսեղովին, խիզախ հայորդուն նշանակեց հեռավորարեւելյան ռազմաճակատի հրետանու պետ։

Կուրսկի ճակատամարտի նախօրյակին՝ 1943 թ. հունվարի 13-ից փետրվարի 17-ը տեղի ունեցան Օստրոգոժսկո—Ռոսսոշանի եւ Վորոնեժսկո-Կոստորնոյի ճակատամարտերը։ Այս գործողությունների ժամանակ աչքի ընկավ 340-րդ հետեւակային դիվիզիան՝ գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանի հրամանատարությամբ, որի հերոսական գործողությունների շնորհիվ ազատագրվեցին մի շարք քաղաքներ եւ տարածքներ, այդ թվում՝ Ստարի Օսկոլը, Կորոչան եւ այլն։ Իսկ 1943 թ. փետրվարի 9-ին առաջին հարձակմամբ ազատագրվեց Բելգորոդը։ Շուտով գեներալ Մարտիրոսյանը նշանակվեց 50-րդ կորպուսի հրամանատար, եւ նրա կորպուսն առաջինը ազատագրեց Ուկրաինայի այն ժամանակվա մայրաքաղաք Խարկովը։ 50-րդ կորպուսի կազմում կռվում էր չեխոսլովակյան 1-ին բրիգադը՝ Լ. Ս. վոբոդայի (հետագայում՝ Չեխոսլովակիայի պրեզիդենտ) հրամանատարությամբ։

50-րդ կորպուսն առաջինը մտավ Կիեւ, եւ մարշալ Գ. Ժուկովը գեներալ Ս. Մարտիրոսյանին նշանակեց ազատագրված Կիեւի զինվորական պարետ։

Կուրսկի ճակատամարտում եւ Պրոխորովյան դաշտում տեղի ունեցած տանկային կատաղի ճակատամարտում խիզախորեն կռվեց առաջին տանկային բանակի առաջին տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ (հետագայում՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ) Համազասպ Բաբաջանյանը։ Գերմանաֆաշիստական զորքերն այստեղ հավաքվել էին Ռայխի տանկային զորքերի փառքը հանդիսացող՝ «Մեռյալ գլուխ», «Ռայխ», «Ադոլֆ Հիտլեր» դիվիզիաները եւ «Քեմփֆ» տանկային զորախումբը։ Հիտլերի հրամանն էր. «Կուրսկի տակ կրած հաղթանակը պետք է ողջ աշխարհի համար վերջակետ դառնար»։ Գերմանացիները մշակեցին «Ցիտադել» (Միջնաբերդ) գործողությունը։ Ինչպես իր հուշերում գրել է մարշալ Հ. Բաբաջանյանը՝ «Ցիտադել» գործողությամբ պետք է երկու հզոր սեպ մտցվեր մեր պաշտպանության մեջ՝ հյուսիսից գեներալ-ֆելդմարշալ Գ. Կլյուկեի «Կենտրոն» բանակային խմբի, իսկ հարավից՝ գեներալ-ֆելդմարշալ Է. Մանշտայնի «Հարավ» բանակային խմբի միջոցով։

Պրոխորովյան դաշտում երկու կողմից հավաքվել էր մոտ 1200 տանկ։ Այս ճակատամարտը պատմության մեջ մնաց խոշորագույնը տանկային ճակատամարտերի շարքում։ Այստեղ հաղթեցին խորհրդային տանկային զորքերը, իր քաջությամբ աչքի ընկավ 1-ին տանկային բրիգադի հրամանատար Հ. Բաբաջանյանը։

Օրյոլ-Կուրսկ-Բելգորոդ շրջանում մղված մարտերում աչքի ընկան նաեւ այլ հայ ռազմիկներ՝ սակրային զորամասի հրամանատար Գ. Բաղրամյանը, հեծելազորային վաշտի հրամանատար, գվարդիայի փոխգնդապետ Ն. Հարությունյանը եւ ուրիշներ։

Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի ապագա սերունդները պետք է հիշեն Կուրսկի ճակատամարտի հաղթանակում հայ ժողովրդի զավակների ավանդի մասին։

Հ. Գ. 2016 եւ 2017 թթ. հոդվածի հեղինակի նախաձեռնությամբ ՌԴ Բելգորոդի մարզի Բելգորոդ եւ Ստարի Օսկոլ քաղաքներում գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանի անունով անվանակոչեցին փողոցներ։

 

Ստեփան ԿԵՐՏՈՂ

ՀՀ եւ ՌԴ պատմական

գիտությունների դոկտոր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am