Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան

Լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների 
համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին  ասաց ՀՀ Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Զոհրաբյանը խնդրեց վարչապետին ներկայացնել Լավրովի և Հասանովի հայտարարությունների վերաբերյալ դիրքորոշումը

«Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցության այնքան  հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես եմ եղել: Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մեր դիրքորոշումներն են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն: Եվ աշխարհում պարզ է, որ բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումներից: Եվ այս ողջ կարգավորման գործընթացը նրա համար է, որ մենք փորձենք պատասխանել մի հարցի, թե կարո՞ղ ենք, արդյոք, մենք մոտեցնել դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք, արդյոք, ձևակերպել ընդհանուր դիրքորոշում: Եվ ես այս ամեն ինչի մեջ, որը շատ հայտնի բանակցային բանաձև է, ևս 2 կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, այդ թվում՝ Ազգային ժողովի համար»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն և մի լուծում կտան, նրանք գերագնահատել են իրենց ուժերը:

Վարչապետը նշեց, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, ապա նշեց, որ նախկինում՝ սկսած 2018-ի մայիսի 8-ից մինչև այսօր հայտնած դիրքորոշումից նույնիսկ ստորակետ ոչ պակասեցնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես էր եկել հայտարարությամբ, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծացել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ խոսել էր ԼՂ հարցի լուծման փուլային տարբերակ արտացոլող փաստաթղթի մասին։ 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ